Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման», – այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիտարկմանը, թե ոմանք կարծիք են հայտնում, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածությունը կարող է աճել, և հարցին, թե կիսում է արդյոք այդ մտավախությունը, տարածաշրջանային այցով երեկվանից Երևանում գտնվող ամերիկացի դիվանագետը պատասխանեց․ – «Ես, իհարկե, հույս ունեմ, որ նրանք սխալվում են: Այս հունվարին լարվածության հերթական աճը գրանցվեց, բայց դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով: Կարծում եմ, սա լավ լուր է: Կողմերը պետք է աշխատեն պահպանել և հարգել զինդադարարը: Վատագույն հետևանքը կլինի բռնությունների վերսկսումը, որը չի ծառայի խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կարող աշխատել բանակցված կարգավորման հասնելու ուղղությամբ, եթե հակամարտությունը ընդլայանվի: Համանախագահները, Միացյալ Նահանգները կոչ են արել կողմերին հարգել զինադադարը և աշխատել մեզ հետ հաջորդ քայլերի ուղղությամբ՝ հասնելու հարատև խաղաղության»:
Ուորլիքը հայտնեց, որ շաբաթավերջին նախատեսված է իր այցը Բաքու:
Հետաքրքրվեցինք՝ տևական ժամանակ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարը չեն հանդիպում, ի՞նչ է տեղի ունենում փակ դռների հետևում, ի՞նչ են քննարկում դիվանագետները: «Այսօր իմ երևանյան այցի երկրորդ օրն է, և առջևում հանդիպումներն են նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի ու այլոց հետ: Մենք ակնկալում ենք լավ քննարկումներ Լեռնային Ղարաբաղին առնչվող հետագա քայլերի վերաբերյալ, և այդ հետագա քայլերից մեկը լինելու է նախագահների հանդիպումը: Անցած հոկտեմբերին երկու նախագահները պարտավորվեցին ակտիվացնել երկխոսությունը: Այդ հանդիպումից հետո շատ բան է փոխվել՝ ուղղաթիռի հետ կապված ողբերգությունը, շփման գծում լարվածության աճը, ինչպես նաև Հայաստանում հիշատակման արարողությունները, Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը, կրոնական միջոցառումները: Այս ամենի հետևանքով չկարողացանք կազմակերպել նախագահների հանդիպումը: Սակայն իմ այս այցի նպատակներից են նախագահների հնարավոր հանդիպման ժամկետներ նախանշելը և նախագահների կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը ձևակերպելը»:
Հիշեցմանը, որ օրեր առաջ Երևանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարեց, որ Բաքվում իրեն առաջարկել են ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և հարցին, թե ինչ է կարծում այդ առնչությամբ, Ջեյմս Ուորլիքն արձագանքեց․ – «Գոյություն ունեցող ձևաչափը ընդունել են կողմերը, և մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափում: Եթե կողմերը որոշեն փոխել ձևաչափը, մենք կհարգենք նրանց որոշումը: Սակայն առայժմ մենք կշարունակենք մեր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Բայց խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, ի վերջո սա մի հակամարտություն է, որր վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը: Սա ձևաչափի հարց չէ, սա քաղաքական կամքի հարց է»:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում