Հայաստան Քաղաքական 

ԱԺ–ում կանցկացվի «Քաղաքացիական հասարակության օրը ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկի «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը (ՔՀ օր ԱԺ-ում): Միջոցառումն իրականացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ և փոխշահավետ երկխոսությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ ԱԺ հանձնաժողովների, ՀՀ ԱԺ աշխատակազմի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կկազմակերպվեն քննարկումներ: Ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկել իրենց կողմից բացահայտած և վեր հանված հրատապ խնդիրներ՝ պատգամավորների հետ համատեղ հնարավոր օրենսդրական լուծումներ գտնելու նպատակով:

Քննարկումներին զուգահեռ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին հարակից սրահում կցուցադրվեն հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին համապատասխան տեղեկատվական նյութեր՝ ՔՀԿ-ների կողմից վերջին տարվա ընթացքում իրականացված ծրագրերի մասին, հետազոտություններ, վերլուծություններ և այլ հրապարակումներ:

Սույն նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԱԺ-ում երկրորդ անգամ՝ միտում ունենալով դառնալու նոր ձևավորված մշակույթ ԱԺ-ի աշխատանքներում: Միջոցառման կազմակերպումն իրականացվել է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են ՀՀ ԱԺ աշխատակազմի, քաղաքացիական հասարակության և ՀԱԺԱԾ-ի ներկայացուցիչներ:  Միջոցառումը ևս մեկ հնարավորություն է պատգամավորների և ՀՀ ԱԺ հանձնաժողովների և ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար քաղաքացիական հասարակության հետ կապեր ստեղծելու, արդյունավետ երկխոսություն և  կարևորագույն խնդիրների վերաբերյալ օրենսդրական համատեղ լուծումներ գտնելու, ինչպես նաև հետագա համակարգված գործընկերության կայուն շրջանակ ձևավորելու համար:

Նույն շարքից