Հայաստան Քաղաքական 

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ–ի հարցերով համազեկուցողներին

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ յուրաքանչյուր փաստաթղթի, հատկապես, եթե այն վերաբերում է ստանձնած պարտավորություններին և դրանց կատարմանը:

 

Գալուստ Սահակյանը, կարևորելով Հայաստանում ընթացող բարեփոխումները, նշել է, որ ներկայում Եվրախորհրդի հետ համատեղ մշակվում է նոր՝ 2015-2017թթ. գործողությունների ծրագիր, որում, նշված ուղղություններից բացի, Հայաստանի առաջարկով, նախատեսված է համագործակցություն այլ ոլորտներում:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացում Հայաստանը սերտորեն համագործակցում է Վենետիկի հանձնաժողովի հետ, որը դրական եզրակացություն է տվել հայեցակարգի վերաբերյալ: ԱԺ նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները մշակվում են հանրային քննարկումների ներքո: Խոսելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների գործընթացից՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այն իրականացվում է մեր երկրի պարտավորություններին համահունչ:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ԱԺ նախագահը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Գալուստ Սահակյանը հավելել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել սառեցված
հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը լիազորված չէ զբաղվելու հակամարտություններով:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության ներքո է. այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է Եվրոպայի Խորհրդի մասնագիտացված կառույցների շրջանակներում իրականացվող աշխատանքը, որոնց հետ Հայաստանն ակտիվ համագործակցում է:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նույն շարքից