Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մեր քաղաքական դաշտում չկա համակարգված մոտեցում, կշռադատված ու ծրագրած քայլեր. Կ․ Քոչարյան

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հանդեպ ուշադրության բացակայությունը մեծ խնդիր է Հայաստանի ողջ քաղաքական դաշտի համար, նշել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik–Արմենիա ռադիոկայանի եթերում։

Նրա խոսքերով` Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բացի ընտրությունների մասնակիցներից, Հայաստանում ոչ ոքի ուշադրության կենտրոնում չեն լինում: «ՏԻՄ ընտրությունները միայն լրագրողների ուշադրության կենտրոնում էին, բուն մասնակիցների և այս անգամ միայն ՀՀԿ-ի: Բոլոր տեղերում միայն հանրապետականներ էին, անգամ մրցակիցներն էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Սա դարձել է մեծ խնդիր ամբողջ քաղաքական դաշտի համար», – ընդգծեց փորձագետը։

Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում քաղաքական գործընթացը սկսվում է տեղական ինքնակառավարումից, այսինքն՝ ոչ ոք հենց այնպես, միանգամից չի կարող մտնել քաղաքականություն: «Մինչդեռ Հայաստանում կամ մասնակցում են Ազգային ժողովի ընտրություններին, կամ ընդհանրապես չեն մասնակցում: Դա մեծ խնդիր է նաև իշխող Հանրապետական կուսակցության համար, որովհետև դաշտը ամայանում է։ Մեր քաղաքական դաշտում չկա համակարգված մոտեցում, կշռադատված ու ծրագրած քայլեր», – հավելեց Քոչարյանը

Հայաստանի ԿԸՀ–ն նախօրեին ամփոփել է կիրակի Աբովյան, Ալավերդի և Արտաշատ քաղաքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Աբովյանի քաղաքապետ է դարձել Վահագն Գևորգյանը, Արտաշատի քաղաքապետ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, իսկ Ալավերդու քաղաքապետ` Կարեն Փարեմուզյանը։ Գևորգյանին աջակցել են երկու քաղաքական ուժեր` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Աբրահամյանին առաջադրել էր ՀՀԿ–ն, իսկ անկուսակցական Փարեմուզյանը նույնպես ստացել էր հանրապետականների աջակցությունը։

Նույն շարքից