Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցեց Երևանի կենդանաբանական այգու արդեն ավանդույթ դարձած պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։
Քաղաքապետը նախ բոլորին շնորհավորեց թե՛ կենդանաբանական այգու բացման և թե՛ Աշխատավորի օրվա առթիվ։ «Մեր մեծերը, ծնողները նշում էին Աշխատավորների օրը և կուզեի՝ որպես քաղաքապետ և որպես հայ մարդ, գործազրկությունը պակասեր, որ մենք կարողանանք ի սրտե նշել աշխատողի օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Քաղաքապետը խոսեց նաև կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրերից, որն ըստ նրա բաժանել են փուլերի։ «Այս տարի՝ 2014-ին, նախատեսել ենք 300 մլն դրամ գումար, որը բավական զգալի գումար է։ Այդ գումարով նախատեսված է վանդակների վերակառուցում, կառուցում, այգու տարածքի կանաչապատում, անտառային գոտու ավելացում, ոռոգման ցանցի ավելացում և բարեկարգման աշխատանքներ»,- ասաց նա։
Տարոն Մարգարյանը նշեց, որ 2015-16թթ.-ին նույնպես կլինի բյուջեի ավելացում։ «Հրավիրել ենք կենդանաբանական այգու մասնագետներ, նախագծողներ, ովքեր այն չափանիշը, որ կա շատ քաղաքներում, այդ նախագծով ներկայացնեն ծրագիր, և մենք ավելի մեծ գումարներ նախատեսենք կենդանաբանական այգու վերակառուցման համար»,- նշեց նա։
Ի դեպ, Տարոն Մարգարյանին լրագրողները փոխանցեցին ծնողների դժգոհությունը, թե ինչու է այս տոնական օրը այգու մուտքը վճարովի։ Քաղաքապետը բացատրեց, թե դժգոհել պետք չէ, քանի որ անվճար իրենք հայտարարում են միայն հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանությանը օրը։