Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը և «Հայ Մայրեր» ՀԿ-ն երեխաների համար

Մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի և «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի համատեղ ծրագիրը: Հենց  այսօրվանից սկսած մանկական ուղեղային կաթված ունեցող 17 երեխա կստանա եռամսյա ինտենսիվ վերականգնողական բուժում՝ ձիաբուժություն, ջրաբուժություն և արտ-թերապիա:  Ծրագրում ընդգրկված 17 երեխաներն էլ միայնակ մայրերի խնամքի ներքո են: «Հայ Մայրեր» ԲՀԿ-ն, մայրերին աջակցելու նպատակով, այս ծրագիրը ներկայացրել էր Երևանի քաղաքապետարան և ստացել  դրական արձագանք:


«Երևանի քաղաքապետարանի գործելաոճն է նման ծրագրերին աջակցելը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես ստանձնեցինք այս երեխաների առողջության ու նրանց ընտանիքների համար անչափ կարևոր ծրագրի իրականացումը: Այսօր մեկնարկեց ծրագրի առաջին փուլը, իսկ երկրորդ փուլը կլինի աշնանը: Մենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ ենք համագործակցում, պետք է նման կազմակերպությունների հետ համագործակցություն լինի, որպեսզի նրանց աշխատանքն էլ ավել արդյունավետ դառնա: Կոնկրետ այս ծրագրի համար նախատեսվել է 1. 200 000 դրամ»,-ասաց Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

 

«Այս ծրագրով մենք լուծում ենք երկակի խնդիր՝  և՛ հաշմանդամություն ունեցող երեխայի վերականգնողական բուժում, և՛ աջակցություն հաշմանդամ երեխա ունեցող միայնակ մայրերին: Որոշեցինք բուժումը սկսել նախ ձիաբուժությամբ, իսկ հետո նաև ջրաբուժությամբ, վերջին ամսում էլ կլինի արտ-թերապիա: Ուղեղային կաթվածը մոտ 50 տարատեսակ ունի, երեխաների մոտ հիվանդությունը տարբեր աստիճանի է, և այս պատճառով էլ բուժման դրական ազդեցությունն ու արդյունավետությունն էլ անհատական է, բայց այն, որ  երեխաների մոտ առաջընթաց կլինի՝ ես վստահ եմ», - նշեց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։



Արմինե Բրսոյան

Նույն շարքից