Հայաստան Քաղաքական գլխավոր 

Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին. Ա․ Սարգսյան

«Միասեռականներին ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել, չի պախարակում, ոչ էլ դատափետել են, բայց անընդհատ ուզում են ավելին, ավելին, քարոզչությամբ զբաղել, պառադներ անել: Լայնածավալ հարձակում է հայկական ադաթների, ավանդույթների, մեր արժեհամակարագի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մասնավորապես ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության կողմից միասեռականներին աջակցելու, ֆինանսավորելու հարցից:

«Եթե պարոն դեսպանն այդքան հոգատար է, թող այդ գումարը տրամադրեր ավանդական երիտասարդ ընտանիքներին, ովքեր, օրինակ, բնակարանի խնդիրներ ունեն: Ինչո՞ւ չեն անում: Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին: Ի՞նչ գործ ունի մեր երկրի հետ: Թող գնան իրենց երկրում զարգացնեն, մեր երկրում դրա կարիքը չկա»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ասուլիսին ներկա «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանի խոսքով, Հայաստանում որևէ օրենք չկա, որ արգելի կամ հստակ վերահսկի այլ երկրներից գումարների հոսքերը ՀՀ, որոնք, իբր, ուղղված են քաղաքացիական հասարակության աջակցությանը, մարդու իրավունքներին:

«Պատճառն այն է, որ եթե նման օրենքներ ընդունեն, խնդիրներ կունենան Արևմուտքից գումարներ ստանալու հետ»,-ասաց նա:

Ա. Բոշյանը նշեց, որ ոչ միայն Գերմանիայի դեսպանատունն է նման գործունեությամբ զբաղվում, այլ դեսպանատներ ևս. «Գերմանիայի տված 30 հազար եվրոն մի կաթիլն է ընդամենը: Խոսքը միլիոնների մասին է: Կոչ եմ անում հանրությանը, օգտվելով սահմանադրական իրավունքից, անտեսել մեր ավանդույթներն անտեսող, անհարգալից վերաբերմունք ցուցաբերող այն մարմիններին, դեսպանատներին, դեսպաններին, ովքեր կոչ են անում քայքայել մեր ավանդույթները, մեր հոգևոր արժեհամակարգը: Խտրականության է ենթարկվում բնակչության մեծամասնությունը, իսկ այդ փոքրամասնություններին մեզ մոտ չեն նեղում»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան պաշտոնական կայքը, հայտնում է, որ Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքել է պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար:

30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսևորվող խտրականության և արհամարհանքի դեմ:

Նույն շարքից