Բարի օր Մշակույթ 

«Աշխատանքի հերոսները». Ակսել Բակունց

analitik.am

Հունիսի 13-ին ծնվել է հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը:  Գրող, կինոդրամատուրգ, բանասեր և թարգմանիչ Ակսել Բակունցը հայ դասական պատմվածքի և վիպակի խոշոր ներկայացուցիչն է:

Ստորև ներկայացնում ենք Բակունցի ստեղծագործություններից մեկը` «Աշխատանքի հերոսները»:

1.ԱԿՈՒՄԲԻ ՍՐԱՀԸ

Շչակը սուլեց հանգստի ժամը:

Գործարանի բաժանմունքներից, ցեխերից և արհեստանոցներից բանվորների խմբերը դիմեցին դեպի ակումբի սրահը, որի բաց պատուհաններից մեղմ զովը ներս էր մտնում և ճոճում սրահի լայնքով կախած կարմիր պլակատները:

Մինչև կես գիշեր կոմերիտականների մի խումբ աշխատել էր ներսը: Նրանք պատերից կախել էին հարվածային բրիգադիրների նկարները, պատրաստել էին բազմաթիվ լոզունգներ արդֆինպլանի կատարման, գործալքումների, սոցիալիստական մրցության և հարվածայինների մասին:

Զարդարել էին բեմը, որի ճակատին խոշոր տառերով գրել էին՝ «Փառքի և արիության հերոսները»: Ապա թվել էին այն բրիգադները, որոնք կատարել և գերակատարել էին պլանը:

Բեմի դիմացը, մուտքի ամբողջ պատը սև շրջանակի մեջ էր առնված: Այստեղ կախված էին նրանց նկարները, որոնք ավելի շատ բրակ էին տալիս, որոնք կեղծ հարվածային էին: Չէին խնայել հարբեցողներին, գործը լքողներին, ծույլերին:

Դռան վերևը «կոմերիտական» Բալոյի նկարն էր: Նա մեքենան թողել է անտեր և վազում է ծտի հետևից, որ ներս է մտել բաց պատուհանից: Նրա կողքին վարպետ Անդրեյի նկարն է. Անդրեյը լողում է օղու վիթխարի շշի մեջ:

— Համա՛ կկատաղի հա՛ վարպետը, — ասաց կոմերիտներից մեկը, որ նստել էր պատուհանին և անքնությունից հոգնած աչքերով նայում էր դուրս, ակումբին մոտեցող խմբերին:

— Տեղն է. թող չխմի, — պատասխանեց մյուսը:

— Ա՛յ Անդրեյը, — մատը մեկնեց պատուհանին նստած երիտասարդը: Նրանք մոտեցան պատուհանին: Բայց այդ րոպեին դուռը բացվեց և մանարանի ցեխից մի խումբ երիտասարդ բանվորներ ներս մտան:

Հինգ րոպեից հետո դահլիճում նստելու տեղ չկար: Ուշացողները կանգնում էին դռների մոտ, պատուհանների տակ: Բաց դռնից երևում էին բազմաթիվ գլուխներ: Այդ՝ դուրսը տախտակների կույտի վրա տեղավորվածներն էին:

Մինչև ժողովի սկսվելը բանվորները դիտում էին պատերից քաշ արած նկարները և պլակատները:

— Այ թե լա՛վ են նախշել հա՛...

— Թամամ Մոսկվա է, — ասաց մի բանվոր, որ նոր էր վերադարձել Մոսկվայից: Նա մասնակցել էր տեքստիլ բանվորների խորհրդակցության:

— Էն մռութը տես, էն մռութը, — ծիծաղելով մատը մեկնեց մի ուրիշ բանվոր: Պատից կախել էին մի դիմանկար. երևում էր, որ մարդը գիշերը թունդ հարբել էր, ընկել ցեխի մեջ: Նկարի վրա մարդու երեսին դեռ մնում էին ցեխի հետքերը: Մազերը գզգզված էին, գդակը ծուռ: Ձախ աչքի տակ նկարել էին ընկույզի չափ ուռուցք:

— Մեր վարպետին են լա՛վ թրջել, — վրա բերեց մի ուրիշը, որ տառերը կապելով վերջացրել էր լոզունգի ընթերցումը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ է ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ

Նախագահի զանգը ընդհատեց սկսված խոսակցությունը վարպետ Անդրեյի մասին: Տիրեց խոր լռություն: Դուրսը եղածները ավելի մոտեցան պատուհանին:

Ժողովն սկսվեց:

2. ԶԵԿՈԻՑՈԻՄԸ

Զեկուցում էր մանարանի ցեխի վարիչը:

— Ուրեմն, ընկերներ, այսպիսով հարվածային բրիգադներից դուրս են մնացել միայն 6 հոգի, որ ամբողջ բանվորության չնչին տոկոսն է կազմում, կարող ենք ասել, ընկերներ, որ մեր ցեխը հարյուր տոկոսով հարվածային է...

Բուռն ծափահարություններն ընդհատեցին նրան:

Վերջին շարքերից մի խումբ երիտասարդներ բղավեցին «հուռռա՛...», այդ հուժկու կանչը ալիքի նման հասավ մինչև առաջին շարքերը, մինչև բեմը, որի վրա էլ խիտ նստոտել էին: Առաստաղից կախված կարմիր կտորները, որոնց վրա լոզունգներ էին, մեղմ ծփացին ծափահարությունների որոտից: Կարծես վերևը ճոճվում էին բազմաթիվ կարմիր դրոշներ:

— Բրակի տոկոսը այսպիսով իջել է. ևս բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը: Առաջ ունենում էինք պարապ դազգյահներ, այժմ քսան դազգյահից մեկը պարապ չի մնում: Թույլ տվեք, ընկերներ, բերեմ մի օրինակ մեր գործարանի հարվածայինների աշխատանքից...Խոսքի օրինակ մեր կոմերիտների հարվածային բրիգադները: Ձեզ հայտնի է, որ նրանք կոմուն են կազմել և աշխատում են կոմունայի հիմունքով, փոխադարձաբար միմյանց օգնում են, աշխատավարձը բաժանում են հավասար: Եվ ահա, ընկերներ, նրանք արտադրությունը բարձրացրել են 40 տոկոսով...

— Կեցց՜ե հարվածային կոմերիտները,— բացականչեցին այս ու այն կողմից:

— Բայց, ընկերներ, նրանք սոցմրցման պայմանագիր են կապել Ալավերդու № 1 հանքի կոմերիտների հարվածային արտելի հետ: Նրանք մեզ ուղարկել են իրենց հաջողությունները: Արտելը 3 հերթի է աշխատում, մերոնք էլ հունվար և փետրվար ամիսների պլանը նրանք կատարել են 150 տոկոսով, մերոնք այստեղ մի քիչ նահանջել են...

Առաջին շարքում ժպտացին, Կոմերիտներից մեկը, որ հարվածյին կոմունի անդամ էր, տեղրից բղավեց, թե սխալ են հաշվել իրենց տոկոսը:

— Շուտով, շուտով, — մեղմ առաջարկեց նախագահը, — սպասի էդ հարցն էլ կքննենք...

— Ընկերներ, ես դեռ չվերջացրի...Մարտ ամսում նահանջել է Ալավերդու հարվածային արտելը, իսկ մերոնք նորից են առաջ անցել...

Ծափահարությունների և բացականչությունների հորդ աղմուկը նորից ընդհատեց զեկուցողի խոսքը:

— Նրանք մարտ ամսվա պլանը վերջացրել են ամսի 25-ին, իսկ մերոնք 15-ին...

— Այ թե հա՛,— ուրախ բացականչեց մի ծեր բանվոր: Նրա սիրտը կոտրվել էր, երբ լսել էր զեկուցողի խոսքը մերոնց «նահանջի» մասին.

— Ախր լինելու բան չի, որ Ալավերդին մերոնց առաջը կտրի: Մերոնք ուրիշ են, ուրիշ... — շշնջաց նա հարևանի ականջին:

Ապա նա գլուխը դարձրեց դեպի ետ: Նրա աչքն ընկավ իր որդու կոմերիտ Վաղոյի քրտինքից և աշխատանքից կարմրած դեմքին: Վաղոն էլ էր հարվածային կոմունի մեջ: Որդին չնկատեց հոր հայացքը, նրա լարված ուշադրությունը բեմի կողմն էր:

Ինչպիսի՛ հպարտությամբ և ջերմ գորովով էր նայում ծերունի հայրը կոմերիտ որդուն: Ո՛վ գիտի, ինչ մտքեր զարթնեցին նրա հիշողության խորքում:

3. ԼՍԱՐԱՆԸ

Դահլիճի խորքում պատի տակ կուչ էր եկել վարպետ Անդրեյը: Նա միայն մի անգամ իր գլուխը բարձրացրել և նայել էր ծաղրանկարին:

— Անպիտաններ, ո՜նց էլ սարքել ե՛ն, — մրթմրթաց քթի տակ:

Մինչև նախագահի զանգահարելը՝ կողքին նստողները ուրախ կատակներ էին անում նրա հետ:

— Գիշերը ոնց պիտի մնա բոթլի մեջ...

— Դու ասա էս աժդահա ջամդաքը ոնց են մտցրել բոթուլը:

— Խմողի մաշտաբ ուրիշ է:

Սակայն վարպետը ոչ մի ուշադրություն չէր դարձնում այդ սրախոսություններին: Գլուխը ղժժում էր երեկվա խմած օղուց:

Երբ զեկուցումն սկսվեց, խոսակցությունները դադարեցին, հանգիստ թողին Վարպետ Անդրեյին:

Եվ գլուխը դարձրեց դեպի ծաղրանկարը: Նա աչքի պոչով էր դիտում, որպեսզի կողքին նստողները չնկատեն, թե ինքը հետաքրքրվում է պատից կախած նկարով:

Հենց այդ րոպեին նրա ականջին հասավ մանարանի ցեխի վարիչի խոսքը, թե բոլորը հարվածային են հայտարարել իրանց, բացի վեց հոգուց...Նրանք չնչին տոկոս են կազմում...

Ծափահարություններից խառնվել էին նրա մտքերը:

Երբ զեկուցողը շարունակեց իր խոսքը, վարպետը էլի նույն միտքն էր անում. «Չնչին տոկոս են...Ես քսան տարվա վարպետ չնչին եմ, անպետք թելի կտոր»: Նա մտքում մի քանի անգամ կրկնեց «չնչին» խոսքը. և ամեն անգամ կարծես այդ բառը նոր իմաստ էր ստանում:

— Էդպես են ասում, որ ես էլ հարբում եմ...Թե չէ ի՞նչու պտի խմեմ, — արդարացրեց ինքն իրեն:

Սակայն մի ներքին ձայն հակառակը պնդեց և գնալով, այդ ներքին ձայնը հաղթեց: Նա մտաբերեց իր բոլոր ընկերներին: Ահա նրանց մի մասը բեմ է բարձրանում: Նրանք աշխատանքի հերոսներ են, այսօր պիտի պարգևատրեն նրանց:

Ահա Ջանոն, ալեխառն, ինչպես ինքը: Ամիսներ շարունակ դազգյահի վրա կռացած դիտում էր, ուսումնասիրում, կարծես առաջին անգամն էր տեսնում դազգյահը: Ցեխում լուր էին տարածել, որ Ջանոն նոր մաշին է հնարում. առաջինը դարձյալ ինքը ծիծաղեց:

— Քեզանից ինջիներ չի դուրս գա...Արի, արի գնանք. — և ցուցամատը խփեց կոկորդին, — մենք հե՛չ, մեր բանը պրծել է...

Իսկ Ջանոն լուռ նայեց, ապա գլուխը քարշ արեց:

Այդ հայացքի մեջ և՛ հանդիմանություն կար, և՛ զայրույթ:

Եվ Անդրեյը ոտները քարշ տալով գնաց դեպի օղու խանութը:

Իսկապես Ջանոն հնարեց մի նոր դաղգյահ, ավելի ճիշտ, եղածը փոփոխեց, ավելի լավացրեց: Գյուտարար Ջանոյի և նրա դազգյահի մասին թերթերը գրեցին, ինժեներներ եկան, կազմվեց հանձնաժողով, քննեցին և որոշեցին, որ Ջանոյի գյուտը շատ արժեքավոր է:

Ահա Ջանոն նստել է բեմի վրա, մի անկյունում, գլուխը քարշ, կարծես դարձյալ մտածում է դազգյահի մասին:

— Որտեղից որտե՛ղ... — դառնությամբ մտածեց Անդրեյը, — միասին եկանք գործարան...Այժմ նա աշխատանքի հերոս է, իսկ ես՝ չնչին տոկոս...

4. ՎԱՐՊԵՏ ԱՆԴՐԵՅԸ

Զեկուցումը վերջացել էր:

Նախագահը կարդում էր առաջին հարվածային բրիգադի կատարած աշխատանքը և ֆաբկոմի որոշումը նրանց պարգևատրելու մասին:

— Կեցցեն առաջին հարվածայինները, — աղմուկից և ծափահարություններից թնդաց դահլիճը: Բեմի վրա պատի նման կանգնել են առաջին բրիգադի հարվածայինները, դահլիճը ծափահարում էր, իսկ նրանք գլխարկները թևի տակ, կանգնել էին. ոմանք հուզմունքից կարմրել էին, ոմանք գլուխները մի կողմի վրա դարձրել: Նախկին կարմիր բանակային Սեթը ուղիղ ձգվել էր, ինչպես զորահանդեսի ժամանակ:

Վարպետ Անդրեյի հետ մի զարմանալի բան կատարվեց: Երբ առաջին ծափերը պայթեցին, նա տեղից կիսով չափ բարձրացավ, ինքն էլ սկսեց ծափահարել նախ թույլ, ապա ուժգին: Ծափի աղմուկը մեղմանում էր, բայց նրա բազուկները չէին հոգնում: Նրա ծափից վարակվում էին և մյուսները, նորից էր թնդում աղմուկը:

Ապա հոգնած տեղը նստեց: Ձեռքերը կարմրել էին ու դողում էին:

Կարդացին գյուտարար Ջանոյի անունը: Նորից ծափեր, նորից աղմուկ:

Վարպետ Անդրեյը ոգևորված գդակը վեր շպրտեց: Մի քանիսը հետևեցին նրա օրինակին:

Այդ էլ դուր եկավ վարպետ Անդրեյին: Ինքը շարունակում էր ծափահարելը, և ծափերի մեղմացած թափը նորից էր թնդում: Ինքը գլխարկը ճոճեց, մյուսները հետևեցին: Մի մեղմ ուրախություն ծփաց ներսը, ինչպես ծովի թեթև կոհակները:

Չէ՜, նա էլ չպիտի խմի. նա չի ուզում, որ իրեն համարեն «չնչին տոկոս»: Նա պտի գնա մյուսների հետ հավասար քայլերով, նա հետ չի մնա իր ընկերներից:

Վարպետ Անդրեյը աչքերը կիսախուփ արեց. կարծես ննջում էր: Նա մտքի առաջ հետ էր տալիս իր անցած տարիների գիրքը, կարծես փնտրում նշանավոր մի էջ, մի գլուխ, մի դեպք, որից հետո տարիները գնացին ուրիշ ճանապարհով:

Գտավ: Այդ դեպքը գտավ:

Սիրտը դառնությամբ էր լցված, զայրույթը նրան մղեց դեպի օղու խանութը: Հետո ավելի հաճախ էր գնում: Եվ վարժվեց: Վարպետը գլուխը վեր հանեց: Արդեն ցրվում էին, ժողովը վերջացել էր:

Վարպետը գլխարկը թևի տակ դուրս եկավ: Դռան մոտ նա հանդիպեց Ջանոյին: Վարպետը մի րոպե կանգնեց. Ջանոն ժպտաց:

Եվ հին ընկերները լուռ սեղմեցին իրար ձեռք:

Վարպետ Անդրեյը տեսավ մանարանի ցեխի վարիչին: Քայլերը արագացրեց, հասավ նրան: Վարիչը բարևեց.

— Հը, վարպե՞տ...

— Ես...ինձ էլ գրեք հարվածային... Ես չեմ ուզում, — բայց նրա ձայնը դողաց և չկարողացավ խոսքը շարունակել և ասել, որ չի ուզում դուրս մնալ շարքերից:

— Ես այդպես էլ գիտեի, վարպե՛տ...

Գործարանի սուլիչները ճչացին, աշխատանքն սկսվեց:

Սկզբնաղբյուր` Litopedia.org

Նույն շարքից