Ուժեղ Ռուսաստանը եվրասիական տարածքում խաղաղության և անվտանգության երաշխավորն է, հինգշաբթի ասաց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` ելույթ ունենալով Երևանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կազմակերպված տոնական միջոցառմանը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան։
«Բարդ միջազգային գործընթացների դարաշրջանում մենք բոլորս ունենք ուժեղ և անկախ Ռուսաստանի կարիքը, որն ի վիճակի է համաշխարհային ասպարեզում պաշտպանել իր ազգային շահերն ու դաշնակիցների շահերը և երաշխավորել եվրասիական տարածքի խաղաղությունն ու անվտանգությունը», – ասել է Վոլինկինը։
Նրա խոսքով` արդեն քառորդ դար է` ռուսները նշում են այս տոնը`որպես նոր դարաշրջանի սկիզբ, որը կապված է հասարակության զարգացման ազատ, ժողովրդավարական ընտրության հետ։
«Այդ տարիների ընթացքում Ռուսաստանն անցել է մեծ էվոլյուցիա` տնտեսապես թույլ, ազգամիջյան հակամարտություններով քայքայվող պետությունից մինչև միջազգային հարաբերությունների` կայուն, անկախ և հեղինակավոր մասնակցի», – ասել է Վոլինկինը։
Նա նշել է, որ այս տոնը կոչված է կապել ռուսական պետության բազմադարյան զարգացման դարաշրջանները, ապահովել պատմության ամբողջականությունն ու վստահություն հաղորդել երկրի ապագայի հարցում։