Հասարակություն 

Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ:


Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Բեյրութի քաղաքային խորհրդում Երևանի հետ համագործակցության սերտացման ու խորացման ուղղությամբ հայազգի քաղաքական գործչի կողմից տարվող աշխատանքներն ու համոզմունք է հայտնել, որ ոչ ուշ ապագայում շոշափելի արդյունքներ կլինեն. «Վստահ եմ՝ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու համագործակցությունն առավել առարկայական դարձնել», - ընդգծել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են: 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանը իր հերթին ևս կարևորել է բեյրութահայ համայնքի դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում և համոզմունք հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան.«Երկուստեք համագործակցությունն անչափ կարևոր է, հատկապես քաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում նկատվող համանման խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման տեսակետից:


Ինձ համար, պարոն քաղաքապետ, շատ հաճելի է գտնվել Երևանում, և ես համոզված եմ, որ Երևանն ու Բեյրութն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- նշել է Արամ Մալյանը և, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի պաշտոնական հրավերը՝ այցով հյուրընկալվելու Բեյրութում, երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

Նույն շարքից