Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեմ է արտահայտվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմանը` ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին»,– հինգշաբթի ասել է Նալբանդյանը ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլիի հետ հանդիպմանը։
ԵԽԽՎ–ն անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախաձեռնությամբ որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքները» անվանումով զեկույց պատրաստելու մասին։ Հայաստանը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխելու փորձերին։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։