Մոսկվան անպատասխան չի թողնի հակառուսական պատժամիջոցների ընդլայնումը, եթե արևմուտքը, այնուհանդերձ, որոշի գնալ այդ քայլին։ Այս մասին, «ԲիԲիՍի» ռուսական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վերջինիս խոսքերով, ռուսական կողմն արդեն պատասխան պատժամիջոցներ է սահմանել իր նկատմամբ սահմանափակումներ կիրառած երկրների դեմ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։
Պեսկովը չի մանրամասնել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կարող է Ռուսաստանը սահմանել արևմտյան երկրների նկատմամբ։ Կայքն այս առնչությամբ գրում է, թե նախորդ տարի հնարավոր սահմանափակումների շարքում նշվում էր եվրոպական և ամերիկյան մեքենաների Ռուսաստան ներմուծման արգելքը։