Հայաստան Քաղաքական 

ՀԷՑ-ում լռում են՝ համարելով, թե սա նորմալ երևույթ է, իմ կարծիքով, աննորմալ է. Ռ. Նազարյան

«Երբ մենք ՀՀԿ խմբակցությունում, հետո նաև ԲՀԿ-ում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ քննարկումներ էինք կազմակերպում, պարոն Բիբինը չանդրադարձավ, թե արդյոք ընկերությունում կան թերացումներ, սխալներ, նա փորձեց ամբողջ մեղքը տեսնել արտադրող կայանների կողմից էլեկտրաէներգիա չարտադրելուն»,-Ազգային ժողովում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով ՀԷՑ-ի հիմնավորումները, որոնք հանգեցրել են ընկերությունում պարտքերի կուտակման:

Նազարյանին նաև դուր չէր եկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` պարբերականների հետ ունեցած հարցազրույցները:

Ռ.Նազարյանը նախ խոսեց ՀԷՑ-ի վատ մենեջմենթի մասին: Ըստ նրա՝ 2007 -2015թթ. ժամանակահատվածում ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքները:

Դրանցից 22 միլիարդը, ըստ Ռոբերտ Նազարյանի, հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով:

Անդրադառնալով կորուստներին՝ Ռ.Նազարյանն ասաց, որ նշված ժամկետում տարեկան 1.5-2 տոկոս կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում ներառված տեխնոլոգիական կորուստներն են, ինչը 2007 թվականից մինչև այսօր կազմել է 25 մլրդ դրամ:

Աշխատավարձերի ֆոնդն էլ այս տարիների ընթացքում 6.5 մլրդով ավելին է եղել, քան ներառված է սակագնում. «Թվարկած 22 մլրդ ներդրումները, 25 մլրդ կորուստները, 6.5 մլրդ աշխատավարձի ավելցուկը լրջագույն թվեր են, և եթե այս ամենը չլիներ, ապա այսօրվա վիճակը չէր լինի: Այս ամենի մասին ՀԷՑ-ում լռում են՝ համարելով, թե սա նորմալ երևույթ է, բայց ես ունեմ այս ամենի մասին իմ կարծիքը` սա աննորմալ երևույթ է»:

Նա նաև տեղեկացրեց, որ ընկերությունը բարձր տոկոսներով կարճաժամկետ վարկեր է վերցրել և այսօր նա համարվում է անվճարունակ, քանի որ ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել: Ռոբերտ Նազարյանը վերջում հաստատեց, որ սպառողի համար էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով: Սակայն, ըստ նրա, ՀԷՑ-ի ճոխ ծախսերը՝ ավտոմեքենաների ու շքեղ բնակարանների ծախսերը չեն ներառվում սակագնում:

Նույն շարքից