ԱԺ-ում քննարկվում է «Ավիացիայի մասին ՀՀ օրենքի փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե բաց երկնքի քաղաքականության շրջանակներում օրենքը նպատակ ունի ոլորտում լիազորությունների վերաբաշխում իրականացնել՝ տարանջատելով քաղաքական տնտեսական կարգավորումն ու տեխնիկական կարգավորումը:
«Ինչպես նաև օրենքի այս խմբագրմամբ, ըստ էության, արդիականացվում է առևտրային օդային հաղորդակցության բնագավառը, թույլտվությունների և հավաստագրերի կարգը»,-ասաց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին ուղղված հարցից առաջ նշեց, որ թեև հարցը չի առնչվում օրենքին, բայց հանրային հնչեղություն ունի և հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու սնանկացած «Արմավիա» ընկերության օդաչուների աշխատավարձի հարցը, այն դեպքում, երբ նրա տերը շարունակում է ապրել որպես միլիարդատեր: «Չգիտես ինչու լինելով դե յուրե սնանկացած, իսկ դե ֆակտո միլիարդատեր, բայց օդաչուներն ամեն օր կառավարության դիմաց իրենց աշխատավարձն են պահանջում»,- ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերում էր ավիատոմսերի գներին, որոնք, ըստ նրա, աճում են պրոգրեսիվորեն և աշխարհում ամենաթանկն են: Նա նշեց, թե ՀՀ քաղաքացիները գերադասում են մեքենաներով գնալ Թբիլիսի և այնտեղից մեկնել որևէ երկիր:
Ճշմարիտյանը «Արմավիայի» տիրոջ ֆինանսական կարողությունների մասին մեկնաբանություն չուներ, բայց նշեց, թե սնանկացման գործընթացը համապատասխան մարմինների կողմից իրականացվում է ու իրականացվելու է ըստ ՀՀ օրենքի ընթացակարգերի:
Տոմսերի գնի մասով, նախարարը հարկ համարեց ԱԺ պատգամավորներին վիճակագրություն ներկայացնել, ըստ որի՝ ոչ թե աճում են, այլ նվազում:
«Հստակ տարբերությունները սահմանված են. 2014-ին 2013թ-ի համեմատ ուղևորահոսքի աճը եղել 20,9%, մենք անցել ենք 2 մլն-ի սահմանանիշը, թռիչքների հաճախականությունը եղել է 19, 3% աճ, սակագները նվազել են 5,1%, 11 ամիսների համեմատ 16,6% է եղել, բայց դոլարի արժևորումից հետո տարվա կտրվածքով դարձել է 5,1: 2015թ-ի ապրիլին 2014-ի համեմատ թռիչքների հաճախականությունը նվազել է 13%-ով, իսկ ուղևորահոսքն աճել է 6%-ով, ավիատոմսերի սակագները նույն ժամանակահատվածում նվազել են 14%-ով»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է որևէ ուղղության, ապա ՀՀ-ում թռիչք է իրականացնում 24 ավիաընկերություն, որոնցից 8-ն է ռուսական: Նա նկատեց, թե իհարկե կան ծանրաբեռնված ուղղություններ, մասնավորապես՝ եվրոպական ուղղություններով «Չեխական ավիաընկերության» դուրս գալուց հետո, բայց դա ոչ թե երկրում որևէ խնդրով էր պայմանավորված, այլ տնօրինության փոփոխությամբ և ՀՀ կառավարությունը արդեն իսկ բանակցություններ է վարում այդ ընկերության հետ, և ունի լուրջ փաստարկներ, որ հետագայում դրանք կրկին կիրականացվեն և ավելի մեծ առաջարկություններով:
«Մենք մեր երկինքը բացեցինք, փակեցինք, բայց մեծ առումով ոչինչ չփոխվեց: Ես հարգում եմ վիճակագրությունը, այն ճշգրիտ գիտություն է, բայց խորհուրդ կտամ վիճակագրական ծառայությանը մի հատ էլ մոնիթորինգ անել, թե ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է այդուհանդերձ գնում Վրաստանից թռնում որևէ այլ երկիր, որի արդյունքում կլինի իրական պատկերը: Այս դեպքում մեր վիճակագրությունը խիստ կասկածելի է»,- արձագանքեց ԲՀԿ պատգամավորը:
Նախարարը նշեց, որպեսզի համեմատելու բազա ունենանք, կարող են իրենք էլ այդ հարցով դիմել վիճծառայությանը: Միաժամանակ նախարարը նշեց, թե Թբիլիսիից թռնում են բյուջետային ընկերության ավիաընկերություններ, որոնք էժան ու ցածրորակ ծառայություն են մատուցում: Ճշմարիտյանը նշեց, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում, մասնավորապես Գյումրիի ուղղությամբ, որտեղ օդի տուրքը հանվեց: «Կարծում եմ բանակցությունները մինչև տարվա վերջ արդյունք կտան»,- ասաց նա:
Տեղից լսելի էր Զոհրաբյանի պատասխանը, թե ՀՀ-ում էլ որակը փայլուն չէ, և մասնավորապես «Աերաֆլոտ»-ի սնունդը «շան լափ է»: Նախարարը նշեց, թե ինքը վաղուց «Աերաֆլոտ»-ով չի երթևեկել: