Հասարակություն գլխավոր 

98 տարեկան հասակում մահացել է Քըրք Քըրքորյանը։

Երկուշաբթի երեկոյան 98 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ գործարար, բարերար, Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանը։ Այս մասին հաղորդում է USA Today–ը` հղում անելով MGM Resorts International–ին։

Քըրքորյանը մեծ դեր է խաղացել Լաս Վեգասի զարգացման գործում և տարիներ շարունակ ֆինանսական մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին:

«Նա մեծ մարդ էր, հրաշալի բիզնեսմեն, նորարար, մեր ժամանակների ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ֆինանսիստներից մեկը»,– իր հայտարարությունում ասել է MGM Resorts International–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մյուրենը։

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում, Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես:

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»: Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն է: Ամերիկյան բանկերը նրան տալիս են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում են գրավի չափսը: Դա համարժեք է հրաշքի` միլիոններ անվան դիմաց:

Պատանի տարիքում Քըրքը սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ:

Նույն շարքից