Հայաստան Քաղաքական 

ՀՀ ԱԺ-ը մեկ րոպե լռությամբ հարգել է Քըրք Քըրքորյանի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է նախօրեին մահացած ամերիկահայ միլիարդատեր, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակը։

«Հայաստանի Հանրապետության զարգացման գործում Քըրքորյանի կատարած ներդրումն անգնահատելի է։ Սա մեծ կորուստ է մեզ համար», – ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Քըրքորյանը, ում ունեցվածքը գնահատվում է 4 մլրդ դոլար, ծնվել է Կալիֆոռնիայում հայաստանցի էմիգրանտների ընտանիքում։ Չավարտելով դպրոցը` նա սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ եղել է օդաչու։ 1960–ականներին դարձել է հյուրանոցային մագնատ, հետագայում ձեռք է բերել Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը։ Նա նաև ակտիվորեն զբաղվել է ավտոմեքենաների բիզնեսով, 2000–ականներին դարձել է Chrysler–ի և Ford Motor Company–ի համասեփականատերը։

Քըրքորյանը երեք անգամ ամուսնացած է եղել։ Նա փակ կյանք է վարել, գրեթե երբեք չի տվել հարցազրույց և չի ներկայացել հասարակությանը։

Քըրքորյանն արժանացել է Հայաստանի բարձրագույն` Ազգային հերոսի կոչման` պատմական հայրենիքին ցուցաբերած զգալի օգնության համար։

Նույն շարքից