Հասարակություն 

Երևանի քաղաքապետի աշխատանքային շրջայցը Նոր Նորքում

Մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրով վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող տարածք, որտեղ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրով կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Շուրջ 6 հեկտար ընդհանուր տարածքով այգին բարեկարգման համալիր ծրագրի իրագործումից հետո կունենա շատրվան, կանաչ ամֆիթատրոն և կանաչ բավիղ: Տարածքում կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կկահավորվի մանկական երեք և թենիսի երկու խաղահարթակներով: Շատրվանից բացի այգում կլինեն նաև ցայտաղբյուրներ: Ամբողջ տարածքը կլուսավորվի ինքնատիպ 150 լուսամփոփով: Կգործի նաև սանհանգույց: Այգին նախագծված է հաշվի առնելով հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանները։

 

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրով իրականացված բակերի բարեկարգման, ինչպես նաև խաղահրապարակների կառուցման աշխատանքներին. Վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 5-րդ զանգվածի Գալշոյան 8 հասցեում գտնվող բակի բացմանը՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին: Ի դեպ, բնակիչների համար օրը կրկնակի տոնական էր. բակը նշել է շենքերի կառուցման 40-ամյակը: Տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Բակում տեղադրվել են նստարաններ, կառուցվել է փոքրիկ շատրվան: Բակի հարակից շինությունների պատերն էլ ամբողջությամբ նկարազարդվել և ձևավորվել են:


Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ավելի քան 450 սան ունեցող կրթօջախի համար նորոգումն առաջնային անհրաժեշտություն էր: Հիմնանորոգվում են բոլոր դասասենյակները, միջանցքներն ու դահլիճը: Ամբողջությամբ փոխվում է նաև մանրահատակը:



Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքապետարանի ենթակայության թիվ 106 մանկապարտեզ, որտեղ շրջել և հետևել է Երևանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականցվող հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներին: Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով կատարվող աշխատանքները, զեկուցել են, որ հիմանորոգվում է մանկապարտեզի տանիքը, սանհանգույցները: Փոխվում են նաև դռներն ու պատուհանները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շրջելով և ծանոթանալով հիմնանորոգման ընթացքին, բոլոր պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել որակին և սահմանված ժամկետների պահպանմանը:



Քաղաքապետն այցելել և հետևել է նաև Նոր Նորքի 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի վերակառուցման ծրագրով ընթացող աշխատանքներին, որի շնորհիվ աստիճանահարթակների միջև ստեղծված առանձին տարածքն ամբողջությամբ կծաղկապատվի և համապատասխան ձևավորում կստանա: 



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Գայի արձանի անմիջապես դիմացի հատվածում գտնվող շատրվանի հարակից այգու բարեկարգման աշխատանքներին: Ներկայացնելով տարածքի նախկին տեսքը և ըստ նախագծի կատարվող փոփոխությունները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի ամբողջացումից հետո հանգստի այս գոտին ևս կդառնա երևանցիների և, մասնավորապես, նորնորքցիների զբոսանքի սիրված վայրերից մեկը՝ սալիկապատված հարմարավետ ճեմուղիներով, արտաքին լուսավորությամբ և երևանյան ընդհանուր ոճին համահունչ կահավորմամբ:

Նույն շարքից