Այս մերսումը հոգնածությունից, լարվածությունից ազատվելու ամենամատչելի և արդյունավետ ձևերից մեկն է: Շիացու մերսումը դարերի խորքից է հասել մեզ. նրա կենտրոնը Չինաստանն է, ապա այն տարածվել է Ճապոնիայում, հետո' ողջ աշխարհում:
Բառացի թարգմանությամբ «շիացու» նշանակում է «ճնշում մատներով»: Մերսման էությունը մարմնի թիրախային կետերը խթանելն է: Մերսման գիտակների կարծիքով, մարդու մարմնին կան այդպիսի տասնհինգ կետեր: Նրանց վրա ազդեցությունը գործելու դեպքում արդյունքն իսկապես ապշեցնող է. այն թույլ է տալիս հաղթահարել անգամ ամենասուր սթրեսները: Ինքնուրույն շիացու մերսման ողջ տեխնիկային տիրապետել գրեթե հնարավոր չէ, բայց որոշ հնարքներ կարելի է յուրացնել և կիրառել նաև տնային պայմաններում: Օրինակ` դեմքի շիացու մերսումը:
Այն արդյունավետ է առավոտյան և երեկոյան լվացվելուց հետո:
- Երկու ձեռքի երկրորդ, երրորդ և չորրորդ մատների ծայրերով հարվածեք դեմքի մաշկին, և այնպես արեք, որ աչքերի շուրջ մատնահարվածներն արագ տեմպով լինեն, ինչպես թմբկահարելիս:
• Նույն մատներով մերսեք ճակատի մաշկը' հոնքերից մազեր ուղղությամբ:
• Ապա նույն մատներով մերսեք այտերի վերին հատվածը' քթից դեպի այտոսկրեր:
• Ցուցամատի և միջնամատի ծայրերով մերսեք այտերի մեջտեղի հատվածը' շարժվելով վերին շրթունքի մեջտեղից մինչև ականջներ:
• Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մատների ծայրերով մերսեք այտի ներքևի հատվածներն ու կզակը' կզակից մինչև դեպի ականջ ուղղությամբ: Ընդ որում' դեմքի աջ կողմը մերսելիս գլուխը առավելագույնս ձախ թեքեք, իսկ ձախ կողմը մերսելիս' հակառակը:
• Գլուխը ետ գցեք: Ցուցամատի և միջնամատի ծայրերով դանդաղ և նուրբ սեղմեք շրթունքների ծայրերը: Մերսեք նաև ներքևի շրթունքի տակի մաշկը: Այս շարժումներն օգնում են ազատվել բերանի շուրջը գոյացող վառ արտահայտված կնճիռներից: