Օգոստոսի 28-ին մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման ծրագիրը գնահատող՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ԶԼՄ-ներից մեկին հայտնել էր, որ գոհ է թեքահարթակների անհրաժեշտության ընկալումից, սակայն շինությունների ճնշող մեծամասնությունից՝ ոչ.
«Գնալով բարձրանում է այն անձանց ու կազմակերպությունների թիվը, որոնք կարևորում են մատչելիությունը, բայց ես չեմ կարող գոհ լինել, անձամբ ես ու մեր շահառուները օբյեկտների շինությունների ճնշող մեծամասնությունից, որտեղ չենք կարող մուտք գործել»,-եզրափակեց նա։
Նա նաև նշել էր, որ Ամիրյան 3 հասցեում կառուցված նորակառույցի թեքահարթակի լուծման հարցում խնդիր չի տեսնում, ուստի չի հասկանում երկրորդ թեքահարթակի իմաստը:
Այս հարցի հետ կապված ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի պատասխանը.
«Օգոստոսի 28-ին համացանցում և որոշ լրատվական կայքերում Ամիրյան 3 հասցեում նորակառույց թեքահարթակի թերությունն ընդգծող լուսանկարներ էին տեղադրվել։
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները տեղում պարզել են, որ թեքահարթակը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից նախապես հաստատած նախագծին։ Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն այցելել են տնտեսվարողին և պահանջել թեքահարթակը համապատասխանեցնել քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծին։
05.09.2014 թ.- դրությամբ թեքահարթակը վերակառուցվել և բերվել է նախագծով պահանջվող տեսքի։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում սրտացավ քաղաքացիներին տեղեկատվության և աջակցության համար»։