Հունիսի 13-ին կայացած Հայաստան-Պորտուգալիա (2:3) ընտրական մրցավեճի 43-րդ րոպեին խաղադաշտ ներխուժեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Խաղի մոտ մեկ րոպեով դադարեցվեց, քանի որ Շահենը վազում էր խոտածածկի վրայով, իսկ ոտսիկաններն որոշակի ջանքեր գործադրելուց հետո կարողացան նրան դուրս բերել ասպարեզից: Կրտսեր Հարությունյանն այս ակցիայով պահանջում էր ազատ արձակել հորը:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ Շահեն Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին ՈւԵՖԱ-ի պատվիրակը հատուկ զեկույց է ներկայացրել, որը շուտով կքննարկի եվրոպական ֆուտբոլը ղեկավարող կառույցի կարգապահական կոմիտեն:
ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ նման միջադեպերի համար սահմանված են բավական մեծ տուգանքներ եւ պատժամիջոցներ: Մասնավորապես, եթե խաղադաշտ դուրս եկած անձի պատճառով խաղը դադարեցվում է, ապա հյուրընկալող կողմը կարող է տուգանվել 80-ից 130 հազար եվրոյով: Բացի այդ, Շահեն Հարությունյանը խաղադաշտ է ներխուժել քաղաքական պաստառով, ինչը եւս ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ կոպտագույն խախտում է:
Նման միջադեպերի կրկնության դեպքում Հայաստանը կարող է առանց հանդիսականների անցկացնել առնվազն մեկ հանդիպում: