Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կառավարության նիստին Վիգեն Սարգսյանն առաջարկեց բոլոր իրավական ակտերում խմբագրել գենդեր բառը

Կառավարության այսօրվա նիստին արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում էր հաստատել «Դասընթացավարների վերապատրաստում գենդերային հավասարություն երիտասարդների աշխատանքում» արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թ-ի նախահաշվի հաստատումը:

«Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆի կողմից և ընդգրկված է կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի շրջանակում, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն հատկացված է, ծավալը կազմում է 24 հազար ԱՄՆ դոլար»,- նշեց փոխնախարարը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց այն հարցի շուրջ, որ նորից գենդեր բառն է կիրառվում, չնայած որ հասարակության կողմից նշված բառը ընդունելի չէ։

«Խոսքը կրկին կանանց և տղամարդկանց հավասարություն հասկացությունը գենդեր հասկացությամբ փոխարինելու անընդհատ ջանքի և փորձի մասին է: Մենք սա անցել ենք օրենսդրական դաշտում՝ օրենքի քննարկման ժամանակ, հիմա նորից ենք գալիս:  Ընդ որում՝ հիմնավորումն ուղղակի սպանում է` պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի ընկալում, և դա պետք է ուղղել: Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ևս իր կարծիքն է հայտնել այս մասին։
«Ինչու՞ ենք մենք նորից վերադառնում մի բանի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում: Եթե ուզում ենք կանանց ու տղամարդկանց հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք, ի՞նչ գենդեր, ինչի՞ ենք գենդեր տերմինն անընդհատ մտցնում ակտերի մեջ: Կարծում եմ, որ որոշման նախագիծը պետք է խմբագրել»,- առաջարկեց նա:

Սերգեյ Մանասարյանն էլ պատասխանեց, որ երեկ այդ քննարկումները եղել են, և իրենք սպասում էին, որ առաջարկություն կհնչի կառավարության նիստում, և որևէ խնդիր չկա խմբագրական փոփոխություն կատարելու հետ կապված:

Փոխնախարարի ասածն առաջացրեց վարչապետի զայրույթը. «Բայց ինչու կառավարության նիստին հնչեցնել: Հաճույք եք ստանում դրանից»։

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խմբագրական հարցերը կարգավորել:

 

Նույն շարքից