Հասարակություն 

800 երևանաբնակների 58 տոկոսը չի պատրաստվել որևէ բան անել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում. հարցում

800 երևանաբնակների 58 տոկոսը չի պատրաստվել որևէ բան անել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում, քանի որ անիմաստ է համարել: Այս մասին են վկայում «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից մայիսի 21-31-ն անցկացված սոցիալական հեռախոսային հարցումները: Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը:

Ի՞նչ միջոցառումներ կնախաձեռնեք կանխելու հնարավոր թանկացումները հարցին, ստացվել է հետևյալ պատասխանները` 20 տոկոսը՝ կմասնակցի ակցիաներին, 7 տոկոսը՝ կմասնակցի հանրային լսումներին, 3 տոկոսը՝ նստացույց կանի, 17 տոկոսը՝ կխնայի էլեկտրականության սպառումը, 58 տոկոսը ոչինչ չի ձեռնակի, քանի որ անիմաստ է համարում:

Հարցվածների 89 տոկոսը տեղյակ է եղել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 17 դրամով: Հարցվածների 96 տոկոսը շատ վատ է վերաբերել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը:

Հարցման մասնակցիների 49 տոկոսը դժգոհ է ընկերության սպասարկման որակից, 51 տոկոսը՝ մատակարարման որակից:

Հարցվածների 63 տոկոսը պատասխանել է, որ տեղյակ չէ, թե ինչքան է էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը, իսկ 88 տոկոսը նշել է, որ ներկայիս գինը բարձր է:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը նախօրեին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:

Նույն շարքից