«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով՝ Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման ֆոնին։
Նալբանդյանը նշեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու ցանկությունը միշտ էլ եղել է, և այդ մասին, մինչև որոշումը կայացնելը, ՀՀ Նախագահի, վարչապետի և ԱԳՆ-ի կողմից տարբեր հայտարարությունների ու հարցազրույցների միջոցով արտահայտվել է:
Է. Նալբանդյանն այդուհանդերձ նշեց, որ հիմա արդեն հստակեցվել է, որ ՀՀ-ն շարունակելու է համագործակցությունը ԵՄ-ի հետ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչի մասով, և այդ հարցում փոխադարձ համաձայնությունը կա:
Ամփոփելով՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե Հայաստանն ուզում է իր հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի հետ, միաժամանակ զարգացնելով այդ հարաբերությունները բոլոր այլ ուղղություններով, ոչ միայն ԵՄ-ի հետ, այլ նաև այլ երկրների ու կառույցների:
«ԵՄ-ն եղել և մնում է մեր գլխավոր գործընկեր, և անում ենք հնարավորինը՝ ավելին զարգացնելու այդ հարաբերությունները»,-եզրափակեց նա: