Իրավական գլխավոր 

Ռուս զինծառայողի սպանության գործով քրգործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեին

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով լրացուցիչ քննություն կատարելու նպատակով քրեական գործը վերադարձրել է ՀՀ քննչական կոմիտե:

«2015 թվականի հունիսի 15-ին  ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային  քննչական  վարչություն է  ստացվել Ռուսաստանի Դաշնության  քննչական կոմիտեի  զինվորական քննչական վարչության 519-րդ  զինվորական  քննչական բաժնի  գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով  քննվում է քրեական գործ,  որի նախաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության  102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի.Ս.Նովիկովի սպանությանը  վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Ի.Վ.  Բոսխոմջիևի առնչությունը, ով ձերբակալվել է և դեպքի կապակցությամբ տվել է
ինքնախոստովանական ցուցմունքներ:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավված  առարկաների  և Ի.Ս.Նովիկովի դիակի  հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով:

2015 թվականի հունիսի 16-ին  ՀՀ քննչական  կոմիտեի Շիրակի մարզային  քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված
քրեական գործը և դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝  ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ  զինվորական  քննչական  բաժին  ուղարկելու միջնորդությամբ:

Շիրակի մարզի դատախազությունում նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ  զինվորական քննչական բաժին  ուղարկելու  վերաբերյալ  Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռևս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն,  ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի  Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում  ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված  գործերով  իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական  կոմիտեն»,-«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանում:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 09:30-ին,  ՀՀ ոստիկանության  Շիրակի  մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում  տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ  ռազմական  բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս  զինվորի դակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն:

Նույն շարքից