Հայաստան Քաղաքական 

Չիրագովի հայցով կայացված ՄԻԵԴ որոշումը չի կարող ազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա. Է. Նալբանդյան

Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան  «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ի՞նչ կասի Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ում կայացված որոշման մասին ադրբեջանական մեկնաբանությունների վերաբերյալ։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում, կամ հովանու տակ, կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ։

Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին։

Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում»,-մասնավորապես ասել է նախարարը։

Նույն շարքից