Բռնաբարված անմեղսունակ աղջկա հայրը փորձում է վերականգնել դստեր պատիվը. ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արարատում:
Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ ազգությամբ եզդի Սամադ Սուլեյխանի Թեհմուրյանը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Արարատի մարզի դատախազ Հ. Մելիք Սարգսյանին, ՀՀ Եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանին` խնդրելով օգնել իր առողջական խնդիրներ ունեցող դստեր վարկաբեկված պատիվն ու արժանապատվությունը:
Նամակում ասվում է. «Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ավելի վատ հետևանքներ կանխելու իմ հաշմանդամ, հոգեկան հիվանդ աղջկա, ընտանիքի անդամների, հարազատների պատիվն ու արժանապատվությունը պահելու համար դիմում եմ Ձեզ: Այսպես, Բազմազավակ հայր եմ: Երեխաներս ամուսնացած են, ապրում են առանձին: Ինձ հետ է ապրում իմ` դեռ մանկուց հոգեկան հիվանդությամբ տառապող հաշմանդամ, դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված աղջիկս՝ Զեյթուն Սամանդի Թեյմուրյանը: 2014 թվականի հուլիս ամսին ինձ հայտնի է դարձել, որ իմ հարևան Արսեն Ալեքսանյանը, շահագործելով իմ աղջկա հոգեկան վիճակը՝ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Այդ հարցը ճշտելու համար այցելել եմ Արսեն Ալեքսանյանի բակ, ինչի հետևանքով Արսեն Ալեքսանյանը ինձ միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, որը գտնվում է դատաքննության փուլում: Այդ գործի շրջանակներում առանձնացվել է մեկ այլ գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով Արսեն Ալեքսանյանի կողմից իմ աղջկա նկատմամբ բռնաբարություն կատարելու մասին, որը գտնվում է նախաքննության փուլում:
Արսեն Ալեքսանյանն իր վիճակը մեղմացնելու համար դիմել է ԱՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» թոքշոուին: Մեր տուն են այցելել վերը նշված հաղորդման լրագրողները, որոնց ես ներկայացրել եմ իրական հանգամանքները և իմ աղջկա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Սակայն, չնայած, որ երկու գործն էլ գտնվում են քննության փուլում, 2015 թվականի հունիսի 08-ին ԱՏՎ հեռուստաալիքով «Կիսաբաց լուսամուտներ» թոքշոույի ժամանակ «Ռանչպարի կասկածյալները» հաղորդումով հրապարակվել են իմ հոգեկան հիվանդ, հաշմանդամ, դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված աղջկաս՝ Զեյթուն Սամանդի Թեյմուրյանի վերաբերյալ տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչն ունեցել է ծանր ազդեցություն մեր ընտանիքի, իմ հիվանդ աղջկա, հարազատության, բարեկամության և եզդիների համայնքի ներկայացուցիչների վրա:
Այդ հաղորդումից հետո աղջկաս վիճակը կտրուկ վատացել է, Հայաստանի և արտերկրի հարազատներից և ծանոթներից ստանում եմ զանգեր, ինչը վկայում է այն մասին, որ այդ տեղեկատվությունը ներկայումս ունի լայն շրջանակ: Իրոք, ինչպես ճշտել եմ այդ նյութերը թե՛ «Կիսաբաց լուսամուտներ»-ի խմբագրության, թե՛ Արսեն Ալեքսանյանի կողմից տեղադրված են տարբեր սոցիալական կայքերում:
Ինչքանով ինձ հայտնի է բռնաբարության հոդվածով գործերը դատարանում քննվում են դռնփակ դատական նիստով: Ո՞ր օրենքով և ի՞նչ իրավունքով է «Կիսաբաց լուսամուտներ»-ի խմբագրությունը թույլ տվել իրեն եթեր հեռարձակելու վերը նշվածը: Ելնելով վերոգրյալից խնդրում եմ Ձեր աջակցությունը իմ ընտանիքի արժանապատվությունը վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Հարգանքներով՝ Սամանդ Թեյմուրյան»:
Հետաքրքիրն այն է, որ Նախաքննության գաղտնիք բացահայտած, ինչպես նաև անձի մասին, առանց վերջինիս ցանկության, տեղեկատվություն հայտնելով օրենքներ խախտած «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կազմակերպչական խումբը Armlur.am-ի հետ զրույցում ասել է, թե Թեյմուրյանների ընտանիքին հնարավորություն ընձեռվել է ներկայանալ նկարահանման տաղավար և ներկայացնել իրենց տեսակետն ու խոսքը, սակայն նրանք չեն ներկայացել: Ստացվում է , որ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն արդեն իրեն թույլ է տալիս խախտել մարդու իրավունքներն ու ՀՀ օրենքները բավական չի, մի հատ էլ հայտարարում է, թե հրավիրել էր տաղավար, թող բարի լինեին ներկայանալ։ Ամեն դեպքում մեր խմբագրության աշխատակիցները «Կիսաբաց լուսամուտներ» անվանումով դատարան չկարողացան գտնել ՀՀ-ում, ուստի մնում է հուսալ, որ համապատասխան մարմիններն աչքաթող չեն անի ՀՀ-ում ինքնաբուխ զարգացող «դատարաններին», որտեղ, եթե հանկարծ մարդը որոշում է չներկայանալ, կարող են խախտել վերջինիս իրավունքները՝ հետո էլ մունաթ գալ, թե հրավիրել էին, թող բարի լիներ, գար։