Հասարակություն 

«Էրեբունի-Երևան 2796»-ի տոնակատարությունները կանցկացվեն «Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո

«Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո մայրաքաղաքում կանցկացվեն «Էրեբունի-Երևան 2796»-ին նվիրված տոնակատարությունները:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանիքաղաքապետի տեղակալ ԱրամՍուքիասյանը՝ ներկայացնելով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ծրագիրն այս տարի ևս հագեցած է:

«Ամեն տարի այս օրերին Երևանը պատրաստվում է տոնակատարությնը: Այս տարի ևս մենք նշելու ենք քաղաքի տոնը: Այս պահին ևս ընթանում են տոնատարությունների նախապատրաստական աշխատանքները: Հոկտեմբերի 11-12-ը մայրաքաղաքում կտիրի տոնական տրամադրություն: Ընտրել ենք հենց այս խորագիրը, որովհետև մեր մայրաքաղաքը մեր տունն է, այն համայն հայության մայրաքաղաքն է, նրա նկատմամբ պետք է հոգատար լինել»,-ասաց Արամ Սուքիասյանը:

 

Նրա խոսքով՝ «Էրեբունի-Երևան 2796»-ի շրջանակում նախատեսված են նորույթներ: «Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի կոնֆերանս «Երևան-2025» խորագրով: Իրադարձությանը կմասնակցեն հյուրեր տարբեր քաղաքներից, կքննարկվեն տարբեր խնդիրներ: Բացի այդ, կիրականացվի սոցիալական ծրագիր՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները նվերներով հյուր կգնան սոցիալապես անապահով 2796 ընտանիքների: Սոցիալական ծրագիրը կմեկնարկի վաղվանից: 10-12 օրում կհասցնենք բաշխել բոլոր նվերները»,-նշեց Սուքիասյանը:

 

Նրա խոսքով՝ 34 պատվիրակություն տարբեր երկրներից կժամանի Երևան: Նրանց համար մշակված է առանձնահատուկ ծրագիր:

 

Տոնակատարությունների շրջանակում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

 

«Բեմահարթակները բազմաթիվ են, յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրությունը: Հոկտեմբերի 12-ի երեկոյան կանցկացվի «Երևան՝ իմ տուն» գալա-համերգը, որին կմասնակցեն բազմաթիվ երգիչ-երգչուհիներ: Մեծածավալ միջոցառում է նախատեսված: Երևան կժամանեն մարզերի բնակիչները՝ մասնակցելու տարբեր տոնակատարությունների»,-նշեց Սուքիասյանը:

 

Նա հավելեց, որ դպրոցներում հայտարարվել է «Երևան՝ իմ տուն» խորագրով շարադրության մրցույթ: Լավագույնները կպարգևատրվեն քաղաքապետարանի կողմից: Նախատեսված են նաև միջոցառումներ Հյուսիսային պողոտայում, որի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչ տոնակատարությունը:

Նույն շարքից