Հասարակություն 

Մեկնարկեց «Էրեբունի-Երևան 2796»-ի շրջանակներում իրականացվող սոցիալական ծրագիրը

Այսօր մեկնարկեց  «Էրեբունի-Երևան 2796»-ի միջոցառումների շրջանակներում իրականացվող  սոցիալական ակցիան. Մեր գեղեցիկ  մայրաքաղաք Երևանի 2796-ամյակի կապակցությամբ առաջին անգամ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ,  «Էրեբունի-Երևան 2796»-ի միջոցառումների շրջանակներում ներառվել է սոցիալական մի շատ կարևոր բաղադրիչ, այն է՝ 2796 երևանաբնակ ընտանիքներին հյուր կգնան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ներկայացուցիչները, կշնորհավորեն տոնի առթիվ  ու կհանձնեն նվերներ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ։

 

 

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց. «Ընտանիքների ընտրությունը կատարվել է վարչական շրջանների կողմից,  և հիմք է ընդունվել այդ ընտանիքների սոցիալական վիճակը և սոցիալական շերտերի բազմազանությունը: Ընտրված են ընտանիքներ, որոնք իրավամբ դրա անհրաժեշտությունն ունեն: Այդ ընտանիքներն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներն են, Հայրենական, Արցախյան, Աֆղանական  պատերազմի մասնակիցների ընտանիքները,  վետերանները, հաշմանադամություն ունեցող անձանց ընտանիքները,  միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքները, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, կարիքավոր  սիրիահայ ընտանիքները,  Ցեղասպանությունը վերապրածները և այլ սոցիալական խմբեր: 

 

Իհարկե, թիվը սահմանափակ է՝ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան: Քաղաքում շատ կարիքավորներ կան, որոնց բոլորին հնարավոր չէր այս ծրագրում ընդգրկել: Սակայն քաղաքապետարանը տարվա ընթացքում իրականացնելու է նաև այլ սոցիալական ակցիաներ և  ես՝ Տարոն Մարգարյանի անունից,  ուզում եմ վստահեցնել, որ այսուհետ լինելու են սոցիալական տարաբնույթ ծրագրեր և այն ընտանիքները, որոնք այս ծրագրում ներառված չեն՝  կընդգրկվեն առաջիկա սոցիալական ծրագրերում»:  

 

Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ իր խոսքում նշեց. «Մենք մեր գործընկերների հետ  քննարկեցինք այս սոցիալական ծրագիրը և ներկայացրեցինք Երևանի քաղաքապետին և որոշում կայացվեց   իրականացնել այս ակցիան: Կարիքավոր ընտանիքների համար նախատեսված նվերները՝ մեր  կողմից կազմած տասներկու խմբերը, որոնք վարչական շրջանների ու քաղաքապետարանի աշխատակիցներից են բաղկացած,     տասներկու մեքենաներով,  այսօրվանից սկսած՝  ինն օրվա ընթացքում,   մեկնելու են բոլոր վարչական շրջաններ և նվերները բաժանելու  են ծրագրում ընդգրկված կարիքավոր ընտանիքներին»:   

 

Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության այս տարվա կարգախոսն է  «Երևան՝ իմ տուն»-ը:  Բուն տոնակատարությունները մեկնարկելու են հոկտեմբերի 11-ին։ Ժամը 14։00-ից Էրեբունի փողոցի ողջ երկայնքով կլինեն ազգային խաղեր, կցուցադրվեն ժողովրդական արվեստի գործեր, ազգային խոհանոցներ, իսկ երեկոյան ժ. 19։00-ից կմեկնարկի «Երևանում տոն է» խորագրով համերգը։ Համերգին կհնչեն Երևանին նվիրված հին ու նոր երգեր, կլինեն պրեմիերաներ։

Նույն շարքից