«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 2008թ-ին և միայն մեկ անգամ է փոփոխության է ենթարկվել հենց 2008թ-ին:
Ջանջուղազյանը նշեց, թե ընդհանուր առմամբ օրենքը գնահատվում է դրական, որը միայն իրենք չեն ասում, այլ նաև ներդնողների գնահատականն է, սակայն, ըստ նրա, այս ամենը որքան էլ դրական է, այդուհանդերձ կատարյալ չէ և առաջարկում են փոխել:
Ըստ առաջարկության՝ Կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով:
Ջանջուղազյանը նշեց, թե հինգերորդ հոդվածը սահմանում է պետական պարտքը, իսկ 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, այլ կերպ ասած՝ սահմանափակումներ է պարունակում: Իսկ 5-րդ հոդվածի 6-րդ կետով, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասորդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների միջին ցուցանիշի 3%-ը:
«Ստացվում է, որ գործող օրենքով սահմանափակումը վերաբերում է պետական պարտքին ընդհանուր առմամբ, որ առաջանում է ԿԲ-ի և կառավարության գործունեությամբ, մինչդեռ սահմանափակող ցուցանիշը որոշակի չափով գերազանցելու համար նախատեսված կարգավորումները առնչվում են բացառապես բյուջետային կառուցվածքին»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 2,2 տրիլիոն դրամ, որը 2014թ. վերջի դրությամբ և մոտենում է 5 մլրդ դոլարի:
Ջանջուղազյանը նշեց, թե սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է: