Հասարակություն 

Հայաստանում շենգեն վիզա ստացողի մատնահետքերը կներմուծվեն ընդհանուր բազա 5 տարի ժամկետով

Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսական բաժինները հունիսի 23-ից անցում կկատարեն միասնական Վիզաների տեղեկատվական համակարգի (ՎՏՀ):

Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները` մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն  ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, համակարգի ներդրումը կօգնի երաշխավորել վիզայի համար դիմողների անձնական տվյալների պաշտպանությունը գողությունից, ինչպես նաև` կկանխարգելի կեղծ ինքնության ներկայացման դեպքերը, որոնց հետևանքով որոշ դեպքերում վիզայի կամ երկիր մուտք գործելու մերժում են ստանում  անձիք, ովքեր իրականում այցի իրավունք ունեն:

«Նոր համակարգի գործարկումից հետո, մեկ անգամ դիմելու պարագայում, դիմողի ներկայացրած տվյալները տեսանելի կդառնան բոլոր հյուպատոսական բաժինների համար: Այսօր, դա այդպես չէ. եթե դուք, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատուն եք դիմել, ես այդ մասին կարող եմ իմանալ միայն անձնագրից: Նոր համակարգի դեպքում արդեն ընդհանուր շտեմարանից հնարավոր կլինի այդ տվյալները վերցնել և անգամ անձնագիրը կորցնելու դեպքում Ձեր տվյալները պահպանված և հասանելի կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Տերեզա Պորցուցեկը:

Հունիսի 23-ից վիզայի համար դիմողները պետք է անձամբ ներկայանան դեսպանատներ` իրենց դիմումները և մատնահետքերը հանձնելու համար: Հաջորդող 5 տարիներին դիմումներ հանձնելիս մատնահետքերը կարող են պատճենահանվել ՎՏՀ-ում գտնվող դիմողի նախորդ ֆայլից:

«ՎՏՀ ներդրումը կապված է նաև սահմանների հետ: Շենգեն համագործակցության երկրների սահմանը հատելիս, ստուգելով մատնահետքերը, մենք կարող ենք շատ արագ հասկանալ անձի ինքնությունը: Բացի այդ, հինգ տարի ժամկետում դիմողը ձերբազատվում է նոր մատնահետքեր հանձնելու և այդ ընթացակարգը նորից անցնելու անհրաժեշտությունից»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան Հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն իր հերթին նշել է, որ այս նոր ընթացակարգը հեշտացնում է նաև հյուպատոսների աշխատանքը:

«Նայելով Ձեր ներկայացրած փաստթղթերին` հյուպատոսի համար շատ ավելի հեշտ կլինի պարզել Ձեր այցի նպատակները, որոշում ընդունելու գործընթացը կարագանա և հյուպատոսներն ավելի քիչ սխալներ թույլ կտան»,- ասել է Սուրվիլաիտեն:

Նոր համակարգով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետք վերցնել, պետությունների ղեկավարներ, ազգային կառավարությունների անդամներ, նրանց ուղեկցող կանայք և ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամներ, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:

Կենսաչափական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Եվրոպական միությունում՝ ճամփորդական փաստաթղթերն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով:

Վիզաների տեղեկատվական համակարգը Շենգենյան համագործակցության անդամ պետությունների միջև կարճաժամկետ այցերի (մինչև 3 ամիս) համար տրվող վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման կենտրոնական տեղեկատվական շտեմարան է: ՎՏՀ նպատակն է դյուրացնել վիզաների դիմումների ընթացակարգերը, օժանդակել ԵՄ արտաքին սահմանների մոտ ստուգումների իրականցումը, ինչպես նաև` բարձրացնել անվտանգության ապահովման մակարդակը:

ՎՏՀ ներդրումը կատարվում է տարածաշրջան առ տարածաշրջան` մինչ Շենգենյան բոլոր հյուպատոսական բաժինները միացված կլինեն համակարգին:

 

Նույն շարքից