Հասարակություն 

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները

Արդեն մի քանի օր է մայրաքաղաքում ընթանում են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տոնական ձևավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար։ Թեմատիկ ձևավորում են ստացել շենքերի ճակատային մասերը, վերգետնյա անցումներն ու կամուրջները, տոնական հանդերձանք ունեն Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների կանգառասրահները, յուրօրինակ հուշարարների են վերածվել փողոցներն ուղենշող ցուցանակները, որոնք կտեղեկացնեն գլխավոր միջոցառումների վայրերի մասին։ Ամբողջ քաղաքում գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտը կհուշեն օրվա խորհրդի մասին։


Այս տարի դրոշազարդարում կիրականացվի ոչ միայն ամբողջ փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում, այլ նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում։ Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնեն տոնական գեղարվեստական լուսավորությունը և պրոյեկցիոն պատկերները տարբեր վայրերում։ Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով, իսկ լուսանկարվելու համար նախատեսված հատուկ ստենդները և տեղեկատվական տաղավարները, որոնց միջոցով երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը բացի տեղեկատվությունից նաև տոնական աքսեսուարներ նվեր կստանան, էլ ավելի կընդգծեն օրվա խորհուրդը։ Ձևավորման թեմատիկ հիմքը Երևանյան աշունն է, հենց այդ նկատառումով էլ կգերիշխեն դեղինն ու նարնջագույնը, իսկ որպես տոնի խորհրդանիշ՝ նաև կարմիրը և սպիտակը։ Այս գույներով է պատրաստված այս տարվա տարբերանշանը:


Այս տարի թե՛ քաղաքացիները, թե՛ հիմնարկ-ձեռնարկությունները բավական մեծ ակտիվություն ու պատրաստակամություն են ցուցաբերել տոնական ձևավորման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին հնարավորին աջակցելու գործում: Մայրաքաղաքի տոնական գեղեցիկ ձևավորումը կամբողջացնեն վերը նշված գույներով ձևավորված կազմակերպությունների մուտքերը, ճակատային հատվածները, բնակարանների պատշգամբները և բազրիքները:


Ամեն ինչ արված է, որպեսզի մայրաքաղաքի բնակիչներն ու այս օրերին Երևանում գտնվող այլ քաղաքների պատվիրակությունները, հյուրերն ու զբոսաշրջիկները լիարժեք վայելեն «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության հիրավի տոնական մթնոլորտն ու մայրաքաղաքից մեկնեն ամենաջերմ զգացողություններով:



 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից