Երևանում հնարավոր է Թբիլիսիում տեղատարափ անձրևներից հետո տեղի ունեցած արտակարգ իրավիճակի կրկնությունը՝ մայրաքաղաքում քաղաքաշինական աշխատանքներ իրականացնելիս չափանիշներին չհետևելու հետևանքով, ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Ողջ խնդիրը սխալ քաղաքաշինությունն է, որն իրականացվել է Հայաստանի անկախանալուց հետո։ Երևանում ժամանակին եղել է երկու ջրանցք` անձրևաջրերի հեռացման համար` Հրազդան գետը և նրա վտակ Գետառը, որոնք այսօրվա դրությամբ կառուցապատվել են ճանապարհներով, սրճարաններով, ռեստորաններով»,– պարզաբանել է Դանիելյանը:
Փորձագետը նշում է, որ իրավիճակը խորանում է նաև նրանով, որ մայրաքաղաքի դրենաժային համակարգն այսօրվա դրությամբ վատ վիճակում է։ Որոշ վայրերում այն գրեթե չի գործում։
Փորձագետները համոզված են, որ տարերային աղետի վտանգը հորդառատ անձրևների դեպքում բարձր է նաև Հայաստանի այլ քաղաքներում։ Դրա պատճառը, նրանց համոզմամբ, շատ տարածքներում անտառահատման պատճառով սողանքների սպառնալիքն է։