Ազատության հրապարակում բախումներ են տեղի ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների և ոստիկանների միջև:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդ ակտիվիստները իրենց հետ անվադողեր էին բերել հրապարակ ու նստել դրանց վրա: Ոստիկանները պահանջեցին հեռացնել անվադողերը հրապարակից, քանի որ դա անօրինական է, երիտասադները հրաժարվեցին դա անել, ինչից հետո բախումներ սկսվեցին նրանց միջև, ի վերջո ոստիկանները հեռացրեցին անվադողերը:
Իրավիճակը Ազատության հրապարակում շարունակում է լարված մնալ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անընդհատ բանավեճի մեջ է մտնում կազմակերպիչների ու քաղաքացիների հետ՝ հորդորելով դադարեցնել նստացույցը և նախազգուշացնելով, որ եթե մինչև ժամը 23:00-ը չհեռանան, ոստիկանությունը կիրացնի իր իրավունքները և ուժով կհեռացնի նրանց:
Կազմակերպիչները հավաքվածներին կոչ են անում կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ՝ խուսափելով սադրանքներից:
Նշենք, որ քաղաքացիները շարունակում են մնալ Ազատության հրապարակում, մի մասը նստել են գետնին, մի մասն էլ շուրջպար են բռնել։