Երևանն այսօր տոնական է «հագնված». Մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2796 տարեկան:
Երևանում գտնվող յուրաքանչյուր ոք այսօր պետք է մոռանա ամեն դարդ ու ցավ և վայելի հարազատ քաղաքի տոնը: Քաղաքապետարանը հոգացել է՝ միջոցառումներն անպակաս են, քաղաքը՝ զարդարված:
Սիրելի մայրաքաղաքի ծնունդն այս տարի անմոռանալի դառձավ հատկապես մի շարք բնակիչների համար: Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարանների բանալիներ է հանձնվել Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիներ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր Վարդուհի Վարդերեսյանին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Էվելինա Շահիրյանին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացի, խորհրդային իշխանության տարիներին ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած Դոնարա Հարությունյանին: Բնակարաններ են նվիրվել նաև հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, պետական և ռազմական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին:
Երևանի ծննդյան կապակցությամբ ևս մեկ խրախուսելի միջոցառում է կազմակերպվել: «Երևան՝ իմ տուն» խորագրով ընթացող «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում սոցիալական աջակցության ծրագրով այցելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություններ տրամադրվել մարաքաղաքի 2796 ընտանիքների. Թիվը համապատասխանում է մայրաքաղաքի տարիքին: 2796 ընտանիքներ ստացել են նվերներ՝ կենցաղային էլեկտրական տեխնիկա։ Այս նախաձեռնությունը միանշանակ պետք է նաև օրինակ ծառայի մնացած պետական մարմինների համար, քանզի սոցիալապես անապահով մարդիկ պետք է մշտապես լինեն մեր ուշադրության կենտրոնում և ստանան աջակցություն ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից:
Երևանի այս ծննդյան կապակցությամբ անակնկալ է պատրաստվել նաև հեծանվորդների համար, որոնց թիվը Երևանում վերջին տարիներին զգալի ավելացել է: Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով մատենադարանի հարակից տարածքից հոկտեմբերի 4-ին ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը: Երթուղու բացումը նշանավորվել է շուրջ 400 հեծանվորդների երթով: Մաշտոցի պողոտայից քաղաքի կենտրոնական փողոցներով մինչև Էրեբունի փողոցի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և հետադարձ ուղղությամբ կազմված երթուղու ողջ ընթացքում հեծանվորդների անվտանգությունն ապահովել ու նրանց ուղեկցել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության մեքենաները:
Մայրաքաղաքում հատուկ տոնական «զգեստ է հագել» Հյուսիսային պողոտան: Հատկանշական է, որ հենց այսօր՝ Երևանի ծննդյան օրը, Հանրապետության հրապարակին կից այգին, որը տարիներ շարունակ կիսաքանդ վիճակում էր, ներկայացավ նորովի, նույնիսկ շատրվանները փորձարկվեցին ու մետրոյի հարևանությամբ այժմ իսկական հանգստի այգի է:
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն որոշել, թե ինչպես և որտեղ նշել մայրաքաղաքի տոնը, առաջարկում ենք ծանոթանալ միջոցառումների այսօրվա ցանկին.
Հոկտեմբերի 12
10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում
10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)
13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)
14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)
15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)
15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)
15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ - (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)
15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)
15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)
15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)
15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)
16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ - (Կարապի լիճ)
16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)
17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)
17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)
18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)
19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)
20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)
22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)