Հասարակություն 

«Բնական միջավայրը և ես» ծրագիրը՝ մայրաքաղաքի դպրոցներում

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրների լուծման անհատական և խմբային ունակությունները: 

Ծրագրի պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի, ինչպես նաև ծրագրի մասնակից դպրոցների տնօրենների մասնակցությամբ: 

Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մայրաքաղաքի դպրոցներում՝ Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կլինի շարունակական նաև այլ ծրագրերի շուրջ:

ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանն իր հերթին, ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը, հույս է հայտնել, որ ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագրում կներգրավվեն ավելի շատ դպրոցներ:

Շուրջ 2 ամիս,  շաբաթական 1 անգամ դպրոցի հիմնական դասաժամերից հետո կազմակերպվող կրթական ծրագրին յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 15-20 աշակերտ՝ կամավորության սկզբունքով: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են  թիվ 31, 56, 137, 155 և 173 հիմնական դպրոցները, ինչպես նաև 87 միջնակարգ դպրոցը՝ հաշվի առնելով աշակերտների փոքր, միջին և մեծ թվաքանակը։  
«Բնական միջավայրը և ես» ծրագրով նախատեսվում է նաև դաշտային արշավների կազմակերպում, բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության,  աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ  թեմաների շուրջ քննարկումներ և այլ միջոցառումներ: Աշակերտները  միաժամանակ կապ կհաստատեն ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների էկոակումբների և բնապահպանական նախաձեռնությունների անդամների  հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից