Հասարակություն 

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով հոկտեմբերի 24-ից 27-ն այցելել է   Վրաստանի մայրաքաղաք և մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին՝ «Թբիլիսոբային»:  Պատվիրակության կազմում են եղել աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ և փոխանցելով քաղաքին ու բնակիչներին ուղղված բարեմաղթանքները՝  Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար:  Կարևորելով երկկողմ բարեկամական կապերը գործակցային դաշտում ընդլայնելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝  քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու պատրասատակամությունն այս հարցում: 

Դավիթ Նարմանիան իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և իր շնորհակալությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին բարեմաղթանքների համար: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մասին» համաձայնագրի վերակնքման հարցը, ինչպես նաև անդրադարձել Երևանի պուրակում հայ-վրացական բարեկամության խաչքարի տեղադրման հարցին: 
Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի, այնուհետ այցելել եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին և հետաքրքրվել երեխաների առօրյայի կազմակերպմամբ: 

Պատվիրակությունն այցելել է նաև Խոջիվանքի պանթեոն,  ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել այնտեղ հանգչող հայ մեծերի հիշատակին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից