Հասարակություն 

Գիտելիքներով զինված զինվորը մեր ամենահուսալի պաշտպանությունն է

analitik.am
Արտաշատում տեղակայված ուսումնական զորամասում զինծառայողներն այսուհետև իրենց պարապմունքները կանցկացնեն համակարգչային ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանում։
Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հերթական համակարգչային լսարանը նվիրեց ՀՀ զինված ուժերին։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ զորամասերը համակարգիչներով համալրելու ծրագիրը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկումների արդյունքում։ «Ծրագիրը շարունակվելու է, քանի դեռ մեր զորամասերն ունեն դրա պահանջը։ Մենք զորամասերին հատկացնում ենք ոչ միայն համակարգիչներ, այլև զուգահեռաբար դրանք զինում ենք համապատասխան ծրագրային ապահովումներով, էլեկտրոնային գրականությամբ։ Սա արդեն 5-րդ այդպիսի լսարանն է, և արձագանքները վկայում են, որ ծրագիրը բարձրացրել է զինվորների կրթական գործընթացի արդյունավետությունը,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ խելացի ու գիտելիքներով զինված զինվորը մեր ամենահուսալի պաշտպանությունն է,- սա նաև զինծառայողներին ինքնազարգացման, ինքնակրթման հնարավորություն է տալիս»։ 

ՀՀ զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը նկատում է, որ տեխնոլոգիաների առաջընթացին զուգընթաց ավելանում են պահանջները, և պետք է կարողանալ այդ զարգացումներին համընթաց գնալ։ «Սա խթանելու է անձնակազմի գիտելիքների զարգացմանը։ Կմշակվեն ծրագրեր տարբեր ոլորտներում, և տարբեր մասնագիտության տեր զինծառայողները, օգտվելով այդ ծրագրերից, հետ չեն մնա ուսումնական գործընթացներից»,- նշեց կապի զորքերի պետը։ 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վանիկ Մինասյանն էլ նկատում է, որ այս ծրագրով լուծվում է զինծառայողների շարունակական կրթության խնդիրը։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նույն շարքից