Հասարակություն 

Երևանում է Լիոնի քաղաքաշինության ոլորտի մասնագետների պատվիրակությունը

analitik.am

  Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած փորձագիտական պատվիրակության հետ, որի կազմում են Լիոնի քաղաքաշինական գործակալության ճարտարապետ-քաղաքաշինարարներ, Լիոնի կանաչապատման գործակալության տնօրենը, տրանսպորտային ընկերությունների մասնագետներ։

 

Ողջունելով հյուրերի նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը Երևանի և Լիոնի համագործակցության ամրապնդման գործում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը համոզմունք է հայտնել, որ այցի ժամանակացույցով նախատեսված հանդիպումները, ճանաչողական շրջայցերը, ապա թեմատիկ քննարկումները երկու քույր քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ, ծրագրեր են նախանշելու։ 

«Առաջիկա օրերին ձեզ կներկայացնենք Երևանի քաղաքաշինական, կանաչապատման ու տրանսպորտի ոլորտներին վերաբերող մի շարք ծրագրեր ու մոտեցումներ, ինչի արդյունքում երկուստեք ակնկալում ենք գործնական նոր առաջարկությունների ձևավորում»,- նշել է Տիգրան Բարսեղյանը։

Երևան-Լիոն համագործակցության նախագծի համաղեկավար, Մեծ Լիոնի միջազգային հարաբերությունների վարչության ներկայացուցիչ Սյուզան Պաժը, ընդգծելով պատվիրակության կազմում տարբեր մասնագետների ընդգրկվածությունը, նշել է, որ Երևանի և Լիոնի համագործակցությունը մեծ ներուժ ունի, հետևաբար այցն առավելագույնս օգտավետ են դարձնելու՝ գործնական քայլեր կատարելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետներ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից