Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ընթերցասերների առջև:
Ծանոթանալով կատարված աշխատանքներին` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը նույնպես լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում.
«Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն ավելի շատ հնարավորություն կունենանք իրականացնելու համապատասխան ծրագրեր` գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և, իհարկե, գրքերի ֆոնդի հարստացման ուղղությամբ: Նաև նշեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը»,- նշել է քաղաքապետը:
Օգտվելով առիթից՝ գրադարանի աշխատակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների քանակի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստացել նաև գրադարանում առկա շուրջ 87000 կտոր գրականության պահպանման խնդիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն