Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ ընդունեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

analitik.am

ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 6 դեմ և 20 ձեռնպահ ձայներով:

Երկրորդ ընթերցմամբ 88 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունվեց նաև «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին փաթեթը:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով տեղեկացրեց, որ Տնտեսական հարցերի և այլ հանձնաժողովներում քննարկում է եղել ծրագրի ներդնող «Ալյոտիկ» ընկերության ներկայացուցիչների հետ. «Հիմնական մտահոգությունն այն էր, թե ռոյալտի պե՞տք է գանձվի, թե՞ չէ, և թափոնները ո՞ւմ սեփականությունն են հանդիսանում։ Իրենք պնդեցին, որ օրենսդրական նախաձեռնության ներքո միայն կկատարեն ներդրումները, պետք է թույլ տալ, որ այս պայմաններում այդ ներդրումները լինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կողմ կքվեարկեն:

Վարման կարգով խոսեց նաև ՀՀԿ-ական Արայիկ Հովհանիսյանը՝ հաստատելով ԲՀԿ-ական պատգամավորի տեղեկությունը հանդիպման մասին. «Իսկապես եղել է հանդիպումը, որոշակի փոփոխություններ են ներկայացված, այն պատրաստ է երկրորդ ընթերցմամբ ընդունելու»,-ասաց նա:

Նույն շարքից