Հայաստանի ցանկության մասին՝ մտնելու Մաքսային միություն, որը հետագայում ձևավորվեց որպես Եվրասիական միություն, ասվել էր բավական ժամանակ առաջ: Այդ մասին Երևանում վերջին օրերին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոութ» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցերին:
Նա հստակեցրել է, որ Հայաստանը բազմիցս է հայտնել իր պատրաստակամությունը դառնալ Մաքսային միության անդամ, սակայն մեր երկրին չէին հրավիրում և դրա համար տրվում էին համապատասխան բացատրություններ, օրինակ՝ ընդհանուր սահմանի բացակայությունը և այլն։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ բանակցային գործընթացին` ասոցացման պայմանագրի շուրջ, ներառյալ նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը, Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը ցանկություն ունեցել է մասնակցել այդ ծրագրին։
Սակայն արդեն վերջին փուլում Բրյուսելից սկսեցին ձայներ հնչել, որ Արևելյան գործընկերների կողմից պետք է ընտրություն կատարվի՝ կամ Եվրամիություն, կամ Ռուսաստան, անգամ` քաղաքակրթական ընտրություն։ Մենք բազմիցս Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ, հայտնել էինք մեր կարծիքն այն մասին, որ այդ մոտեցումը կարող է բերել անցանկալի զարգացումների՝ թե՛ Եվրամիության, թե՛ Արևելյան գործընկերների, թե՛ Եվրամիություն - Ռուսաստան հարաբերությունների համար։