ԱԺ-ում լրագրողները «ՀանրապետականՆ» պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է եղել, որ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանը՝ հայտնի որպես Կայարանցի Թևոսիկը հունիսի 19-ին բերման ենթարկվելու ժամանակ եղել է Սեյրան Սարոյանի մեքենայում, և արդյո՞ք նման քրեական հեղինակություններ են նրա ընկերները:
Սեյրան Սարոյանն ուղղեց՝ ասելով,որ Թևոս Սաֆարյանը միայն իր ընկերը չի, այլև՝ բարեկամը: «Մենք սաղս բարեկամ ենք: Ի՞նչ գողական, ինքն իմ ընկերն ա, Մոսկվայից հյուր ա եկել, ավտոս տվել եմ։ Հիմա ի՞նչ կապ ունի` ով ա, հո բարեկամից չե՞ս հրաժարվի՝ մեկը մինիստր ա, մեկը նախարար ա, մեկն էլ տենց ա»,- ասաց գեներալը։
Ի պատասխան հարցի, թե ինչպես է ստացվել, որ իրավապահները մեքենայում նաև զենք էին հայտնաբերել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դա իրանը չի եղել, ինքը տենց բան չի պահում, իր հետ էլի են մարդիկ եղել, երևի տենց բաներ սիրել են։ Հիմա արել են, կպատժվեն, մեռնեմ օրենքի զորությանը»:
Լրագրողները նաև հարցրեցին գեներալի կարծիքը՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին և հուշեցին, որ դրա դեմ երիտասարդները բողոքում են: ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանը նշեց, թե բարձրացրել են, որովհետև այլ ելք չի եղել: «Հո լույսը չե՞ն անջատելու։ Է մի լույս մուծող էլ ես եմ, հո ուշքս չի՞ գնում էթամ իրանց տամ»,- ասաց նա: