Հասարակություն 

Դասը վարել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը

analitik.am

Երևանի համար 71 դպրոց՝ աշակերտների, ուսուցիչների հետ հանդիպելու, զրուցելու էր եկել այդ դպրոցի շրջանավարտ, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը։ 

«Լինելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը՝ Հայր Սուրբը մեծ առաքելություն է կատարում, քանի որ քրիստոնեական դաստիարակությունը դպրոցում ամենակարևոր օղակն է, մարդ դաստիարակվելու ամենակարևոր սկիզբն է, հիմքը, որը, երբ ճիշտ է դրված, մնում է շենացնել գիտելքիներով, հարստացնել կիրթ ճաշակով և աշակերտից կերտել ամբողջական անհատականություն»,- հյուրին ներկայացնելով՝ նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը հանդիպումը նախաձեռնել էր նոյեմբերի 16-ին՝ եպիսկոպոսական ձեռնադրության արժանանալուն ընդառաջ։ Հայր Սուրբի հրավերով հանդիպմանը ներկա էին նաև դպրոցի նախկին մանկավարժներ, ովքեր դասավանդել են նրան։

«Եպիսկոպոսական աստիճանի ուխտը կատարելուց առաջ այս շրջանը ինձ համար պատրաստության հետաքրքրական շրջան է՝ ինքնաքննության, մտորումների, խորհրդածությունների, թե արդյոք կյանքում ի՛նչ եմ հասցրել կատարել, ի՛նչ չեմ հասցրել, ի՛նչ կարող էի անել, որ չարեցի… Հասկացա, որ առանց ուսանելու ուսուցանել չի լինի, առանց սովորելու սովորեցնել չի լինի, առանց լսելու խոսել չի լինի։ Ցանկացա այս կիրակի օրվանից առաջ մեկ օր այցելել իմ հարազատ դպրոց, այնտեղ, որտեղ որ իմ կյանքի գիտակցական, ենթագիտակցական բոլոր շերտերն սկսել են ձևավորվել։ Այնտեղ, որտեղ պաստառի վրա գույներ են նետվել, և այդ գույները իմ ուսուցիչներն առանձնացրել են և ճաշակ են հղկել. հակառակ դեպքում անպիտան մի կտավ կլիներ՝ գույներով առատ, բայց ոչինչ չասող։ Ես այսօր եկել եմ դպրոց, որպեսզի առաջին հերթին իմ խոնարհումը, երախտագիտությունը հայտնեմ ա՛յն ուսուցիչներին, ա՛յն պատասխանատուներին և ա՛յն միջավայրին, որտեղ դաստիարակել են, կրթել են, հասունացրել են մի երիտասարդ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամենաբարձր աստիճանին պիտի արժանանա կիրակի օրը. եպիսկոպոսական աստիճանի ուխտը կատարելուց առաջ ուզեցի գալ ձեզ հաղորդել իմ զգացումները, սիրելի՛ աշակերտներ։ Ո՛ւր էլ գնաք, ի՛նչ էլ անեք, ի՛նչ էլ դառնաք, ի՛նչ նվաճումներ էլ որ ունենաք, ինչպիսի կարողություններ էլ, որ ձեռք բերեք, չմոռանա՛ք այն ուսուցիչներին, ովքեր ձեզ այդպիսին դարձրել են. վերադարձե՛ք, ձեր երախտագիտությունը հայտնեք, նրանց ձեռքերը և ճակատը համբուրեցեք և նրանց վերադարձրեք այն հոգևոր հատուցումը, որ նրանք երբեք չեն ստացել ձեր աշակերտության տարիներին, որովհետև մենք շատ չարաճճիություն ենք արել, երբեմն դասերը չենք սովորել… Բայց մեր ուսուցիչները հոգատար ծնողի նման մեր ձեռքից բռնած տանում են ճիշտ ճանապարհով, աճեցնում են մեզ։ Մի քիչ ավելի՛ վստահեցեք ձեր ուսուցիչներին, հետևեցե՛ք նրանց։ Եվ ես խորհուրդ եմ տալիս ձեզ, խնդրում եմ, որպեսզի այս տարիները հենց այնպես չօգտագործեք, չմաշեք»,- հանդիպմանը ներկա աշակերտներին պատգամել է Հայր Սուրբը և հավելել, որ դպրոց է եկել անկեղծ զրուցելու, հիշելու այն դրվագները, որոնք մեծ դերակատարում են ունեցել իր կյանքում։
Զրույցից հետո Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։

«Աստված օրհնի ձեզ: Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, շնորհակալ եմ այսօր ձեզ՝ բոլոր ներկաներիդ, որ իմ այս օրն անմոռանալի դարձրեցիք»,- նշել է Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը և հանդիպումն ամփոփել Տերունական աղոթքով և ներկաների օրհնությամբ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից