Հասարակություն 

«Տիկնիկային պատմություններ»՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

analitik.am

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդես է բացվել, որտեղ տիկնիկը ներկայացված է որպես բազմաժանր, բազմաբնույթ մշակութային երևույթ։ «Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ՝ հեղինակային տիկնիկներ թանգարանի և անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երևանցիները։

Ցուցադրության ամենատարեց տիկնիկները Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից են՝ հայազգի Սոֆյա Ախշարումովայի հեղինակած արդեն 100-ամյա տիկնիկները և գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի 1900-ականների ճենապակյա տիկնիկները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև տիկնիկագործներ, որանց աշխատանքները ցուցադրված են, ինչպես նաև խաղավարներ, ովքեր ցուցադրությանն այցելած երեխաներին ցուցադրում էին իրենց տիկնիկների ամենավարժ շարժումները։

Տիկնիկների ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 11-ը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից