Հայաստան Քաղաքականություն 

Երբ է նախատեսվում հերթական ծրագիրը նախատեսել Գյումրի –Բավրա Ճանապարհահատվածի համար, որի վիճակն անմխիթար է․ պատգամավոր

analitik.am

ԱԺ-ի կողմից Հյուսիս-hարավ ավտոճանապարհի միջանցիկ շինարարության համար 150 մլն դոլար վարկային համաձայնագրի քննարկմանը  ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը հիմնական զեկուցող տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրեց, թե երբ են ավարտելու Երևան-Աշխատակ-Թալին ճանապարհահատվածի ծրագիրը, որն ԱԺ-ն արդեն հաստատել է: Նա նաև հարցրեց, թե երբ է նախատեսվում հերթական ծրագիրը նախատեսել Գյումրի –Բավրա Ճանապարհահատվածի համար, որի վիճակն անմխիթար է:

Փոխնախարարը նշեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար Տրանշ 1 և 2 նախագծերը իրականացման փուլի մեջ են: Տրանշ մեկով նախատեսվում էր Արտաշատից Աշտարակ ճանապարհը վերակառուցել, որի բետոնապատումն ավարտվել է և արդեն  կահավորման աշխատանքներ են ընթանում՝ լուսավորում և այլն:

«Տարեվերջին այս ճանապարհահատվածը կհանձնենք շահագործման»,-ասաց փոխնախարարը և նշեց, որ  միաժամանակ նախատեսված ծրագրի շրջանակներում անցկացնել ստուգման փուլը որակի համար:

Աշխատակից Թալին հատվածում ըստ փոխնախարարի՝ հողային նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Արթուր Առաքելյանը նշեց, որ ծրագրային ժամկետի հետ կապված խնդիր կար, որը կապված էր հողօտարման հետ և որը նրա պնդմամբ՝ իրենց հետ չէր կապված:

«Դատարանների միջոցով պետք է հնարավորություն տրվի, որ մարդիկ իրենց շահերը պաշտպանեն, որոնց հողերը օտարվել են»,-ասաց նա և նշեց, որ 95%-ով այդ աշխատանքն ավարտվել է: Արթուր Առաքելյանը նշեց, որ այդ հատվածի ճանապարհը պետք է լայնացվի և դարձվի երկկողմանի ճանապարհ, որը կավարտվի 2017թ-ին:

Ինչ վերաբերում է ծրագրի շարունակությանը դեպի Գյումրի, ապա փոխնախարարը հիշեցրեց, որ  Տրանշ 3-ի համար ԱԺ-ն արդեն երկու համաձայնագիր է վավերացրել, որով նախատեսվում է կառուցել Թալինից մինչև Գյումրի ընկած հատվածը:

«Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավատված են, և օրերս միջազգային երկու մրցույթ կհայտարարվի, կընտրվեն շինարարները և 2016թ-ից ակտիվ աշխատանքներ այդ տարածքում կիրականցվեն»,-ասաց նա:

Իսկ արդեն բուն Գյումրիից Բավրա ընկած հատվածի մասով փոխնախարարը հաստատեց. այնտեղ ճանապարհը վատ վիճակի է, բայց իրենք զերծ են մնում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնեն, որովհետև դա կրկնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային գիծը, և արդյունավետ չի լինի, եթե լուրջ ներդրումային ծրագիր իրականացնենք:

«Բայց միջոցներ են ներդրված և մինչև հասնի այդ հատված Հյուսիս-հարավը, ունենանք անցանելի ճանապարհ»,-ասաց նա:

Նույն շարքից