Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն. Ա․ Աշոտյանը՝ ցույցի մասին

analitik.am

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ պետք է հույզերը դնել մի կողմ և վերլուծություն անել այսօրվա առավոտվա միջադեպից, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ջրցան մեքենայով ցրեցին ցույցը:

Աշոտյանը ներկայացրեց սեփական վերլուծությունը. «Կրկնակի հպարտություն եմ զգում նախ իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունը ազնիվ մղումներով, զգացումների ազնիվ տեսլականով քաղաքացիական պարտք են կատարում, նաև հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար, որոնք արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ են իրականացնում՝ ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել վերջին քայլին հասարակական կարգի պահպանման համար, այլ ողջ գիշերը»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, թե իր կարծիքով, որպեսզի քաղաքացիական պարտքը և ծառայողական պարտականությունները մեր երկրում չբախվեն, բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով:

«Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն: Կարծում եմ, որ ցուցարարները երկու սխալ գործեցին. առաջին սխալը ստրատեգիական էր, որ մերժեցին Նախագահի առաջարկը: Դուք էլ, կարծում եմ, կվկայեք, որ Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբևէ չի եղել, որ որևէ նախագահ ցույցի մասնակիցներին նախագահի նստավայր հրավիրի: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր, և դա կարող էր լավ նախադեպ լիներ, եթե քաղաքացիները վստահեին Նախագահին և երկխոսությունը քաղաքացիների հետ կայանար»,-ասաց նա:

Մյուս սխալն ըստ նրա՝ մարտավարական էր՝ չընդունել ոստիկանության կոչը և չվերադառնալ Ազատության հրապարակ. «Կարծում եմ՝ սա էլ էր սխալ»:

Լրագրողների դիտարկմանը, թե ոստիկանների կողմից կատարված բռնությունները նախարարը քայլ առաջ է որակո՞ւմ, Աշոտյանը նշեց, թե կարծում է, որ բռնությունները որպես լրագրողական տերմին կիրառելիս, պետք է հստակ հղում տան այն իրավական նորմերին, որով առաջնորդվում է ՀՀ ոստիկանությունը:

«Ցավում եմ, որ եղան որոշակի տուժածներ՝ հատկապես լրագրողների համար, լրագրողների աշխատանքը ծանր աշխատանք է՝ լինել իրադարձությունների կենտրոնում և փորձել միջից տալ օպերատիվ լրահոս, միշտ չէ, որ անվտանգ գործողություն է: Ես կարծում եմ՝ ավելի մեծ համբերություն է պետք, և մաղթում եմ շուտափույթ առողջացում»,-ասաց նա:

Աշոտյանն ասաց, որ ինքը սթափվեց, որ արյուն չկար: «Մենք կարողացանք միասին այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ որ մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»,- ասաց նա:

Նույն շարքից