Հայաստան Տնտեսություն 

ԱԺ-ն վավերացրեց «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության վարկային համաձայնագիրը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քվեարկության դրեց Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Մինչ քվեարկությունը ԲԿՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը անհրաժեշտ է հայ ժողովրդին:

«Սակայն մենք պետք է գործուն վերահսկողություն իրականացնենք»,- ասաց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ քվեարկության դրվող բոլոր նախագծերին՝ անկախ դրանց բովանդակությունից, դեմ է քվեարկելու:

«Այդպիսով, պահանջում եմ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, և իմ զորակցությունն եմ հայտնում քաղաքացիական իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին»,- նշեց Փաշինյանը:

Նշենք, որ համաձայնագրին կողմ քվեարկեց 85, դեմ՝ 10, ձեռնպահ 4 պատգամավոր:

Նույն շարքից