Հայաստան Քաղաքականություն 

ԵԱՀԿ-ն կոչ է արել հետաքննել Երևանում լրագրողների դեմ կատարված հարձակումները

analitik.am

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր հայտարարել է, որ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի մշտապես։ Այս մասին նա հայտնել է՝ անդրադառնալով Երևանում հանրային ցույցը լուսաբանող լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործադրված բռնի գործողություններին։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը։

«Մամուլն ունի հանրային միջոցառումները լուսաբանելու իրավունք, և լրագրողները պետք է կարողանան հաղորդել ազատ և ապահով ՝առանց հետապնդումներից ու ահաբեկումներից վախենալու»,- ասել է Միյատովիչը։

Հունիսի 23-ին մի շարք ԶԼՄ-ների՝ 1in.am-ի, «Ազատություն» ռադիոկայանի, Hetq.am-ի, Gala TV-ի, «Հայկական ժամանակի», News.am-ի, PanArmenian.net-ի, Epress.am-ի և ArmTimes.com-ի ներկայացուցիչները ենթարկվել են ֆիզիկական հարձակման, վատ վերաբերմունքի, ձերբակալության։ Որոշ լրագրողների սարքավորումները վնասվել են կամ առգրավվել։

«Ես իշխանություններին կոչ եմ անում անհապաղ հետաքննել այդ միջադեպերը և քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ԶԼՄ-ների անդամների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների զսպվածությունը»,- ասել է նա։

Նույն շարքից