Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել հունիսի 23-ի առավոտյան Երեւանում ոստիկանության կողմից բողոքի ակցիան ցրելու կապակցությամբ:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներին: Ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման եւ լրագրողների հանդեպ բռնության մասին հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս»,- ասված է ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցի հրապարակած հայտարարությունում:
Հայտարարության համաձայն, անհրաժեշտ է իրադարձությունների օբյեկտիվ հետաքննություն սկսել: Իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ անկեղծ երկխոսությունը տնտեսական լուրջ որոշումները հաղթահարելու միակ միջոցն է:
Նշենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան Հայաստանի ոստիկանությունը ցրեց Երեւանի Բաղրամյան պողոտայի երթեւեկելի հատվածում նստացույցը: Ոստիկանները նաեւ ջրցան մեքենաներ կիրառեցին:
Ցույցը ցրելու հետեւանքով 18 մարդ է տուժել, 237 քաղաքացի էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ: Ներկայում բոլորին էլ ազատ են արձակել, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները կրկին հավաքվել են Բաղրամյան պողոտայում: