Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսին խոսելով հասարակական գործընթացների համատեքստում տեղեկատվական հոսքերի հիմնախնդիրների մասին, ասաց, որ տեղեկատվական հոսքերը շատ բազմակողմանի և բազմավեկտոր են:
«Ադրբեջանը փորձում է օգտագործել այս վիճակը և իրենց սոցիալական ցանցերը փորձում էին լցնել տեղեկատվության այն մասին թե ինչ վատ է Հայաստանում: Ընդհանրապես ադրբեջանական քարոզչական մեքենան այս մեխանիզմները 2011 թվականից է սկսել կիրառել»,-ասաց նա:
Անդրադառնալով ուկրաինական և ռուսական քարոզչությանը, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ուկրաինական քարոզչության մոտեցումն այն է, որ Հայաստանում հեղափոխության էքսպորտի գաղափարներ են առաջանում և ևս մեկ «մայդան» է ծնվում: «Ուկրաինայում ձևավորվում է մի միջավայր, ըստ որի՝ Հայաստանում շատ լուրջ հեղափոխություն է սկսվել՝ ընդորում ուկրաինական սցենարով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուսական քարոզչությանը, նա ասաց, որ նրանց մոտեցումը հակառակ տեսանկյունից է, այսինքն՝ նրանք ևս նշում են, թե Հայաստանում «մայդան» է տեղի ունենում՝ սակայն բացասական երանգով:
«Նրանք նշում են, որ սա ամերիկյան պրոյեկտ է և Ամերիկայի կողմից ֆինանսավորվում են, հայերին ահաբեկում են, թե մինչ դուք այդտեղ «մայդան» եք անում, նոր պատերազմ է սկսվելու»,- ասաց նա և նշեց, որ նույնիսկ գրառումներ կան, թե հետագայում փողը չի հերիքի դագաղների համար:
Փորձագետն ասաց, որ մեր լրատվականները խնդիր ունեն իրավիճակը համալիր անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացնելու:
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ոստիկանների կողմից լրագրողների դեմ գործողությունները շատ լուրջ անդրադարձան ունեցան լրատվական հոսքերի վրա, և Հայաստանի վարկանիշը լուրջ անկում է գրանցելու մարդու իրավունքների պաշտպանության առումով, ինչը կարող է ազդել նաև տնտեսական վարկանիշի վրա: